«Ես բաժնետեր չեմ, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որ բաժնետեր են»․ Խաչատուր Սուքիասյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ձեր հիմնադրած ավիաընկերությունը, որը կարծեմ՝ Երևան-Ստամբուլ չվերթերից մեկը չեղարկեց, առաջիկայում չվերթ նախատեսո՞ւմ է։
Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց․
«Դուք գիտեք, որ ես՝ որպես Խաչատուր Սուքիասյան, բաժնետեր չեմ, դուք գրագետ մարդ եք, կրթություն եք ստացել, ասում եք՝ ձեր հիմնած։ Դա իմ հիմնածը չի, բայց իմ ընտանիքից մարդիկ կան, որոնք այդտեղ բաժնետեր են, ասեք՝ ընտանիք, բայց մի ասեք՝ ձեր հիմնած, որովհետև գրագետ տարբերակը՝ ես այդտեղ բաժնետեր չեմ։
Հիմա հարցն ուղղեք՝ մեր ընտանիքին պատկանող, այս՛, որը բաժնետեր է, այն էլ պատկանող չի ամբողջը, փաթեթը չի»։
Հարցին՝ Երևան-Ստամբուլ չվերթեր նախատեսվո՞ւմ են, Սուքիասյանը պատասխանեց․
«Դուք ինքներդ լավ գիտեք, որ մամուլում հրապարակվել է, որ Երևան-Ստամբուլ չվերթեր են լինելու, հիմա ես անդրադառնամ այդ չվերթերին։ Այսօր Թուրքիայի տարածքում ծպտյալ հայերի մասին չի խոսքը, այն հայերի մասին է, որոնք իրենց հայ են․․․ և հայկական ազգանուն են կրում, Թուրքիայում ունենք մոտավորապես 100.000 բնիկ ապրող հայեր, և ասում են՝ 100.000 էլ Հայաստանից գնացած աշխատանք փնտրող և ինչ-որ մի աշխատանքով զբաղվող հայեր կան։
Դուք ինքներդ լավ գիտեք, երբ որ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստան, դրանք այլ երկրների միջոցով էր բերվում, որը նորից հավելյալ ծախսեր էր արվում։ Այդ ինքնաթիռները աշխատելու են Երևան-Ստամբուլ և աշխատելու են և՛ թուրքական կողմից, և՛ հայկական կողմից, ինչպես որ նախկինում աշխատել են, ոչ մի նորություն չկա, ուղղակի ինչ-որ աստիճան ցածր գներ են լինելու, որովհետև ինքը, սկզբունքը, ինչով որ այդ ավիաընկերությունը ստեղծվել է, դա լոուքոստ է՝ ցածր գներով թռիչք ունեցող ավիաընկերություն է»։