Կարծում եմ` հարևան Ադրբեջանի հետ կունենանք հարևանական հարաբերություններ. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ, երբ պարբերաբար էսկալացիա է տեղի ունենում, բնակիչների են առևանգում, պատասխանեց.

«Ցանկացած պատերազմից հետո, այդ ջղաձգությունները միշտ լինում են, դրանք ինչ-որ X ժամանակ հետո՝ ըստ քո էմոցիոնալության, ի՞նչ կարգի էմոցիոնալ ժողովուրդ են, ի՞նչ կարգի կառավարման համակարգ է, կամաց-կամաց դրանք նվազում են, գնում են 0-ի, և ինքներս տեսնում ենք, որ դա կամաց-կամաց նվազում է։ Կարծում եմ, որ հնարավոր է՝ մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական հարաբերություններ, և մի բան կա, ուզում եմ սրա մասին ասել։

Աշխարհի շատ երկրներ, որոնք  հարևաններ են, նրանք մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալ են ունենում։ Օրինակ վերցնենք Դանիա-Գերմանիա, Ֆրանսիա-Անգլիա, Գերմանիա-Հոլանդիա, դրանք ՀՆԱ-ի մեջ բավականին լուրջ տոկոս ունեն։ Եթե ստացվի այնպես, որ մենք մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի բարձր տոկոս, թեկուզ 5-ից բարձր տոկոս, դրանք շատ լավ զսպող գործիքներ են հարաբերությունները ևս լավացնելու, ոչ թե վատացնելու համար, որովհետև վատացնելու դեպքում իրենց պետությունն է տուժելու․․․»։

Դիտարկմանը, թե լավ հարաբերություններ եք ուզում ունենալ այն նույն Ադրբեջանի հետ, որն օրեր առաջ երեք 18-ամյա հայ զինվորի սպանեց, Սուքիասյանն այսպես արձագանքեց․

«Ես խոնարհվում եմ մեր  երեք 18-ամյա զինվորների առջև, նրանց շիրիմի առջև, բայց այո՛, այդ Ադրբեջանի հետ, ում հետ մենք թշնամիներ ենք, մենք այդ թշնամությունը չենք տեղափոխելու մեր զավակներին և մեր սերունդներին, մենք պետք է կարգավորենք։ Երբ փոխհրաձգություն է լինում, նրանց մոտ նույնպես զոհեր են լինում, նույն ձևով նրանց են հարց տալիս, նույն ձևով են խոսում, ուրեմն մենք պետք է քաղաքակիթ լինենք․․․

Նախ առաջինը՝ ես չգիտեմ, թե ինչից է սկսել այդ ամեն ինչը, երկրորդը՝ մենք պետք է այդ ամեն ինչը շատ լուրջ, նյարդերը շատ զսպած կառավարենք։ Լինելո՞ւ են դեպքեր, իհա՛րկե լինելու են, բայց ունենք այն, ինչ ունենք, ունենք մի պետություն՝ Հայաստանի  Հանրապետությունը, որն ապրում է այս տարածաշրջանում, քարտեզով գիտեք՝ մենք որտեղ ենք գտնվում, գիտեք՝ ինչ հարևաններ ունենք, ու մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որպեսզի մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս