Բաժիններ՝

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագ դպրոցում երրորդ անգամ դպրոցի տնօրեն չընտրվեց

2021 թվականի ապրիլից Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում փորձում են տնօրեն ընտրել, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել 4 թեկնածու՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ նույն դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ նույն դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցիչ: Երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան 177 հիմնական դպրոցի ուսուցիչ է, որն այս դպրոցում տնօրենի պաշտոնի համար առաջին ընտրությանը ևս իր թեկնածությունն էր առաջադրել: Իսկ չորրորդ թեկնածուն Կարինե Մարգարյանն էր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:

4 թեկնածուներն էլ տարեսկզբին ներկայացել և դպրոցի զարգացման իրենց ծրագրերն էին ներկայացրել դպրոցի ուսուցչական և ծնողական խորհուրդների անդամներին, որին հաջորդել էին փակ քվեարկությունները։ Ծնողներն ընտրել էին Անդրանիկ Գրիգորյանին, իսկ ուսուցչական համակազմը՝ Սուսաննա Վանեսյանին։ Բայց վերջնարդյունքում, բաց քվեարկությունից հետո թեկնածուներից և ոչ մեկը չէր ստացել հաղթելու համար անհրաժեշտ քվեն:

Այսօրվա մրցույթը նախատեսված էր 14։00-ին, սակայն այն ավելի ուշ սկսվեց, քանի որ քվորում չկար, Կառավարման խորհրդի 9 անդամներից մեկը երկրում չէր, ի դեպ, նա երբևէ չի ներկայացել դպրոցի տնօրենի մրցույթներին, խորհրդի նախագահ Հայկ Վարդևանյանը, որը նաև Բյուրեղավանի «Քաղաքացիական պայմանագիր» գրասենյակի ղեկավարն է, նախքան մրցույթի մեկնարկը զանգահարել և տեղեկացրել էր, որ չի ներկայանալու, իսկ ահա խորհրդի անդամ ուսուցիչներից մեկին, որն այդ պահին դասաժամ ուներ և պետք է դասարանում լիներ, չէին կարողանում գտնել: Եվ հենց նրան գտնելու ընթացքում էլ իրավիճակը մի պահ թեժացավ։ Միջանցքում բանավիճող կանանց խոսակցությունից հասկացվում էր, որ նրանից ոմանք տեղյակ էին, թե որտեղ է բացակայող ուսուցչուհին, բայց համառորեն չէին ասում.

«Մենակ Օխոյանը չի եկել, մեկ էլ Վարդևանյանը․․․ Իրա իրավունքն է, կարող ա մարդը ուզում է գա, կամ չի ուզում գա․․․ Ընկեր Վանեսյան, խնդրում եմ, մի ծավալվեք, մարդկանց իրավունքն է գալ-չգալը, գնացեք ձեր գործին․․․»։

Ի վերջո, ուսուցչուհին գտնվեց, ստեղծված իրավիճակն էլ հարթելու համար դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, թե գտնված ուսուցչուհի Օխոյանը պարզապես իրեն վատ էր զգում․

«Ինքը մեր լավ ուուցչուհին է, բայց իրոք վատ էր զգում, հետ էր տալիս, սրտխառնոց ուներ, ես գնացել բերել եմ․․․»։

Մրցույթը մեկնարկեց և դպրոցի զարգացման ծրագիրն առաջինը ներկայացրեց պատմության ուսուցիչ Անդրանիկ Գրիգորյանը։ Նա նաև անդրադարձավ տնօրենի պաշտոնը ստանձնելու շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ասաց, որ դպրոցում 1 տարուց ավելի առկա է ճգնաժամ, և այն ունի քաղաքական, կառուցվածքային, ինչպես նաև վարչական բաղադրիչներ․

«Բյուրեղավանը փոքրիկ համայնք է։ Ես վստահաբար կրկնում եմ, որ իմ բոլոր ջանքերը՝ դպրոցում ճգնաժամը լուծելու, հաջողությամբ չեն պսակվել։ Շատ փակագծեր այս տեսանկյունից չեմ բացի, միայն կասեմ, որ սա մեր բոլորի հավաքական ամոթն է, երբ 21-րդ դարում, հետպատերազմյան Հայաստանում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ նման կրքեր են բորբոքվում, ամոթ բոլորիս, որովհետև դրանով ուսուցիչների հեղինակությունն աշակերտների մոտ չի մեծանալու, ուսուցիչների և դպրոցի աշխատակազմի հեղինակությունը չի մեծանալու, և սա հանգեցնելու է հետագա դեգրադացման պրոցեսների»։

Տնօրենի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն՝ Սուսաննա Վանեսյանը, ծրագիրը ներկայացնելու փոխարեն՝ նախ արձանագրեց, որ նիստը 34 րոպե ուշացումով սկսվեց, ապա անդրադարձավ միջանցքում տեղի ունեցած միջադեպին․

«Ես առավոտյան ինձ լավ էի զգում, շատ լավ։ Այնպես ստացվեց, որ բավականին ոչ հաճելի խոսակցությունների ականատես եղա, և ակամայից ազդեց իմ հոգեկան վիճակի վրա․․․ Արդեն 9-րդ անգամ ես զարգացման ծրագիր եմ ներկայացնում, ձեր մոտ՝ արդեն 2-րդ անգամ, հանձնաժողովի կազմը նույնն է, իմ ծրագիրը նույնն է, ոչինչ չեմ փոխել, եթե ունեք հարցեր, կարող եք տալ, ես սիրով կպատասխանեմ, բայց դուք էլ նկատում եք, որ ես այս պահի դրությամբ ի վիճակի չեմ նորից ամբողջությամբ ներկայացնել իմ զարգացման ծրագիրը․․․ Չունեք հարցեր, այսօր թող իմ զարգացման ծրագրի ներկայացնելն այսպես լինի։ Շնորհակալություն, ցտեսություն»։

Դպրոցի կառավարման խորհրդի՝ բաց քվեարկությամբ թեկնածուներին տրված ձայները բաշխվեցին հետևյալ կերպ, Անդրանիկ Գրիգորյան՝ 4 ձայն, Սուսաննա Վանեսյան՝ 2, իսկ տնօրեն ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 ձայն, այսինքն՝ այս քվեարկության արդյունքում էլ տնօրեն չընտրվեց, ուստի, ըստ գործող կարգի, 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է նոր մրցույթ հայտարարվի՝ արդեն 4-րդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս