«Գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է այստեղ ներկա դատախազության ներկայացուցիչը». Սերժ Սարգսյան
Հայտարարված ընդմիջումից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Այսօր փաստաթղթերի հետազոտման փուլն է:
Ընդմիջումից հետո 3-րդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանն իր առարկությունները ներկայացրեց «Մաքսօյլ» ՍՊԸ-ի վերաբերյալ գործի նյութերում առկա տվյալների վերաբերյալ, ներկայացրեց ընկերության շրջանառությունը, նյութերում առկա հակասություններն ընկերության իրականացրած գործունեության առնչությամբ:
Դատախազի ելույթն առանց միջադեպերի չանցավ: Նրա խոսքի ընթացքում հնչեցրած մտքերը հունից հանեցին ինչպես այդ գործով անցնող Բարսեղ Բեգլարյանին, այնպես էլ՝ պաշտպան Ամրամ Մակինյանին:
«Եթե դատախազը չդադարեցնի խեղաթյուրել փաստերը, մենք չենք կարողանա շարունակել նիստը»,- ասաց նա:
Դատական նիստի ընթացքում նաև նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց՝ նշելով, որ գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է դատախազության ներկայացուցիչը:
Դատախազը, բնականաբար, առարկեց՝ նշելով, որ սա մաքուր իրավական գործընթաց է:
Պաշտպան Ռուբիկ Հակոբյանի՝ մարզ մեկնելու կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի փետրվարի 3-ին: Կհետազոտեն ապացույցների 4-րդ հատորը՝ 113-րդ էջից: