Պետությունը կվճարի փոխնակ մորը, եթե զոհված զինվորների ծնողները որոշեն երեխա ունենալ․ Նարեկ Մկրտչյան
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց մի որոշման նախագիծ, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելուն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ առաջարկվող նախագծով հնարավորություն կտան, որպեսզի զոհված կամ մահացած զինծառայողների ծնողների վերարտադրողական բուժօգնության ծառայությունները դառնան ավելի նպաստավոր և շահավետ․
«Գործող կարգավորումներով արդեն իսկ զոհված և մահացած զինծառայողների ծնողներին տրամադրվում են որոշակի սահմանափակ հնարավորություններ օգտվելու անվճար կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն դրանք ամբողջապես չեն ծածկում ծախսերը։ Օրինակ՝ չեն ծածկում փոխնակ մոր ծառայությունները, դոնորական ծառայությունների ծախսերը»։
Մկրտչյանը հայտնեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, բայց քանի որ այդ ծառայությունները բավականին թանկ են, նրանք չեն կարողանում իրականացնել իրենց այդ որոշումը։
«Ուստի այս նախագծի ընդունման պարագայում նշված ծառայությունների վերին շեմի կիրարկմամբ ծախսերն ամբողջությամբ կիրականացվի պետության կողմից․․․»,- ասաց նախարարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին նշեց, որ 2021 թվականին արդեն իսկ 27 հղիություն ունեն․
«27 հղիություն, որոնք, Աստծո կամոք, բարեհաջող կընթանան։ Պիտի ասեմ, որ արդեն ունենք 35 դիմում և շահառուների խումբ, ովքեր սպասում են նաև այս հատվածի ներառմանը, և ծրագիրն այս լրացումներով ամբողջովին կփակի ծառայությունների ողջ սպեկտրը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում