Ռուդիկի, Արթուրի և Վահանի երազանքները

2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները երեկ՝ հունվարի 11-ին, հերթական սադրանքն էին իրականացրել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնեց 2 զոհի մասին՝ շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանի և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանի, երկուսն էլ ժամկետային զինծառայողներ, ծնված 2002 թվականին։

Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր:

Նա ծառայության էր մեկնել 2021 թվականի փետրվարի 14-ին: Ռուդիկը սովորել էր Ալավերդու պետական քոլեջի բանկային գործ բաժնում: Որպես կամավոր՝ աշխատում էր «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունում:

Ռուդիկի զոհվելու լուրը համացանցում՝ ֆեյսբուքյան հարթակում, տարածվեց բանակ մեկնելուց առաջ արված նրա գրառումներով և լուսանկարներով:

«Գնում եմ, որ գամ, ժպիտով, միշտ ժպիտով»,- պարտադիր զինվորական ծառայության ծանուցագրին կից՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ռուդիկը: Գնաց, բայց… չվերադարձավ:

«Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրել է, որ Ռուդիկը կենսուրախ էր, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ Զինված ուժերում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։

Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում էր մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։

Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել էր Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Դե, իսկ Հայաստանն իրենն էր։ Ծառայությունն ավարտելուց հետո Ռուդիկը պիտի սովորեր Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։

«Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»,- ասում էր նա։

Զոհված շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Գյումրի քաղաքից էր։

Նա զորակոչվել էր 2021 թվականի մարտին։ Արթուրը ըմբշամարտիկ էր, ունի քույր ու եղբայր։

Չնայած, որ համացանցում 3-րդ զոհի մասին դեռ երեկ երեկոյան էր տեղեկություն շրջանառվում, Պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարեց այսօր առավոտյան միայն։

«Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։

Վահան Բաբայանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի 4-րդ կուրսում, ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։ Զորակոչվել էր 2021 թվականի ամռանը։

19-ամյա զինվորը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։

Նշենք, որ երեկ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով ևս 2 զինծառայող վիրավոր է, ինչպես Պաշտպանության նախարարությունից են հայտնում՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեսանյութեր

Լրահոս