«Թշնամին գիշերը չի կրակել»․ Վերին Շորժայի և Նորաբակի գյուղապետերը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը քիչ առաջ 168.amի հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին իրավիճակը հանգիստ է, թշնամին չի կրակում։

«Մեզ մոտ այս պահին իրավիճակը հանգիստ է, երեկ երեկոյան 20։30-21։00-ի կողմերը կրակոցները դադարել են։ Կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել, թշնամին երեկ միայն դիրքերի ուղղությամբ է կրակել»,- ասաց Երանոսյանը։

168.amը կապ հաստատեց նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի ղեկավար Վազգեն Ասատրյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք թշնամին երեկ Նորաբակի ուղղությամբ էլ է կրակել, քանի որ նման նախադեպ եղել է, 2020 թվականի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին արձակել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ վերը նշված գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 19-ամյա զինծառայող էր զոհվել։

Մեր հարցին ի պատասխան՝ Նորաբակի ղեկավարն ասաց.

«Այս ուղղությամբ ոչ մի բան չի եղել, միայն ձայներն էինք լսում, մոտավորապես 16։30-ից սկսեց ու ընդհատումներով երևի մինչև 18։30։ Գիշերվանից ոչ մի բան չկա, սովորական վիճակ է»,- ասաց գյուղապետը, ապա հավելեց, որ չնայած թշնամին երեկ իրենց գյուղի ուղղությամբ չի կրակել, բայց պարզ տեսանելի է թշնամու զորքը՝ անմիջապես գյուղի վերևում են տեղակայված։

«Մեր դիմաց կանգնած են, դիրքերը պարզ երևում են, ոնց որ Կութում, այնպես էլ այստեղ։ Գյուղում խուճապ չկա, բայց դե մարդիկ անհանգիստ են․․․»,- ասաց Վազգեն Ասատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանական զինված ծառայողների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Կեսգիշերին էլ հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021 թվականի մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Նրանք տեղակայվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայվել են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և պարբերաբար սադրանքների են դիմում, անգամ կրակում գյուղերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս