«Վարդենիսի համայնքապետն ընտրված է, նա ստանձնելու է իր լիազորությունները»․ փաստաբան
«Այն իրավական փաստերը, որ ունենք, մեզ թույլ է տալիս համոզված պնդելու, որ այլ անձի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, նոր ընտրություններ նշանակելու որևէ իրավական հիմք գոյություն չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի հետ կոալիցիա կազմած «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նման իրավական հիմք կլիներ, եթե նիստի գումարման պահից 20-օրյա ժամկետում ավագանին համայնքապետ ընտրած չլիներ․
«Մեր պարագան ուրիշ է, հենց նիստը գումարվել է, նույն օրն էլ ընտրվել է համայնքապետ, հիմա «Քաղաքացիական պայմանագիր»-ը վիճարկում է այդ որոշումը, որից հետո կանդրադառնանք անպայման՝ իր հետաքրքիր նյուանսներով․ համայնքապետն ընտրված է, նման հիմք գոյություն չունի։ Համայնքապետը ստանձնելու է իր լիազորությունները, վարչական դատարանն էլ ինչ կորոշի՝ արդեն ըստ այդ որոշման կղեկավարվենք»։
Փաստաբանը նաև հայտնեց, որ նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը հենց վաղը գնալու է համայնքապետարան՝ ստանձնելու իր լիազորությունները, կազմակերպելու համայնքի աշխատանքները, իսկ եթե վաղն էլ փորձեն ոստիկանական ուժերով խոչընդոտել, իրենք դրան կտան համապատասխան իրավական գնահատականը։
Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվելուց հետո ունեն 14 մանդատ:
Դեկտեմբերի 30-ին՝ ավագանու առաջին նիստին, համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հայտարարեցին, որ այդ նիստը օրենքի խախտումով է տեղի ունեցել և դիմելու են դատարան։ Հետագայում հայտնի դարձավ, որ հենց աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 3-ին, հայցադիմում են ներկայացրել դատարան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում