Քերոբյանը ծաղկեցնում է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի բիզնեսը
Էկոնոմիկայի նախարարությունը մեկ անձից 100 միլիոն դրամի գնում է կատարել Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ (2021 թվականի նոյեմբերից այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը) Գևորգ Մուրադյանին պատկանող «Մետրիկա» ընկերությունից։
100 միլիոն դրամով «Մետրիկա» ընկերությունը կազմակերպել է «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը՝ ապահովելով տաղավարների առկայությունը և այլ ծառայություններ։
Թե ինչո՞ւ է որոշվել հենց այս ընկերության հետ կնքել մեկ անձից գնման պայմանագիր ու չհայտարարել մրցույթ, Էկոնոմիկայի նախարարությունը որևէ լուրջ հիմնավորում չի ներկայացրել, պարզապես նշել են, որ գնումն իրականացրել են ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, այն է՝
արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։
Ստացվում է՝ կա՛մ Էկոնոմիկայի նախարարությունում նախապես տեղյակ չեն եղել նման ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության մասին ու որոշումը կայացվել է, ասենք, վերջին օրը, կա՛մ հերթական անգամ սեփական անգործությունը ծածկելու, գնման մրցույթ չհայտարարելու ու սեփական թիմակիցներին պատկանող ընկերություններից միլիոնավոր դրամի գնումներ կատարելու համար հովանավորչությունն ու կոռուպցիոն ռիսկը փաթեթավորել են «անհետաձգելի պահանջ»-ի անվան տակ։
Ի դեպ, հարկ է ընդգծել մի կարևոր հանգամանք. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Մետրիկի» ՍՊԸ-ի հետ 100 միլիոն դրամի պայմանագիրը կնքել է դեկտեմբերի 17-ին, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 20-ին։ Պայմանագրի՝ տեխնիկական բնութագիր և գնման ժամանակացույց վերնագրով հավելվածում հստակ նշված է, որ «ծառայությունը մատուցողը պետք է իրականացնի ցուցահանդեսի կազմակերպումը համաձայն ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի, 2021 թվականի հունիսի 18-ի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի որոշումների»։ Փաստորեն ՀՀ կառավարությունում դեռ 2018 թվականից տեղյակ են եղել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի և դրան Հայաստանի մասնակցության մասին, բայց արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակ, այդուամենայնիվ, առաջացել է, ինչի հետևանքով էլ ծագել է անհետաձգելի պահանջ՝ մեկ անձից գնում կատարելու համար։