«Ժողովուրդն արդեն հասկանում է, որ իրենք ոչ թե ժողովրդավար են, այլ պաշտոնամոլ»․ Ուրցաձորի համայնքապետը՝ Վեդիում նոր ընտրություն անցկացնելու մասին

Կառավարությունը հունվարի 5-ին որոշում ընդունեց՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, իսկ ահա դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վեդի խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Մեզ հասած տեղեկություններով, Սարգսյանին այս պաշտոնում նշանակելը ուղիղ կապ ունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ, այս մեթոդով փորձ է արվում անմիջական «վերահսկողության» տակ վերցնել պետական կառույցների աշխատակիցներին, նրանց՝ ընտրություններին պարտադիր մասնակցելու և հենց ՔՊ-ի օգտին քվեարկելու գործընթացը։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայներ ստացած «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամ, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության այս որոշմանը՝ ասաց․

«Այս ուժին բացարձակ չի հետաքրքրում մեր ժողովրդի ապրելակերպը, մեր ժողովրդի ընկալումն արդեն իսկ իրենց նկատմամբ, որ իրենց շատ մեծ հավատով մոտեցան, բայց օր օրի այդ հավատը կորցրին և բերեցին, հասցրեցին այս օրվան։ Տեսեք՝ ինչ կատարվեց, մարդիկ իրենց ձայն տվեցին, բայց իրենք բոլոր մանդատները վայր դրեցին ու նորից գնում են նոր ընտրությունների, ինչո՞ւ, որովհետև իրենց ընդամենը աթոռն է հետաքրքիր, ոչ թե համայնքի խնդիրները լուծելը։ Սրանց բացառապես ոչ մի խնդիր չի հետաքրքրում, արհամարհեցին և ջուրը գցեցին մարդկանց քվեները։ Արդեն ժողովուրդը հասկանում է որ իրենք ոչ թե ժողովրդավար են, այլ պաշտոնամոլ, իրենց միայն պաշտոնն է հետաքրքրում…

Ամբողջ Հայաստանով մեկ նայեք, թե ինչ է կատարվում, ինչ ոճ են բռնել իշխանությունները և ինչ ձևով են մոտենում հաղթող թիմին կամ առավելագույն ձայներ ստացած մարդկանց, սա անկարելի է։ Մենք պայքարելու և հասնելու ենք նրան, որ նման մարդկանցից ազատվե՛նք, նման ձգտումներ ունեցող մարդիկ քաղաքականությունից պետք է հեռանան, որպեսզի այս ժողովուրդը կարողանա նորմալ շարունակել ապրել»։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերն առաջիկայում անցկացվելիք ընտրություններին, Ռաֆիկ Անդրեասյանն այսպես պատասխանեց․

«Ընտրությունները ձմերուկ են, մինչև չես կտրում, չես իմանում, բայց մենք վստահ ենք, որ ժողովուրդն արդեն իսկ մեզ վստահել է, հավատացել է մեր խոսքին և գալու է մեր հետևից․․․»։

168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Տեսանյութեր

Լրահոս