Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի անվան հետ կապվող կայքը՝ արցախցի-հայաստանցի առճակատման խորացման ջատագով
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններ հնչեցրեց, մասնավորապես՝ նշելով, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել, և, որ ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, ուստի, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։
Սրան հետևեցին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Խորհրդարանի կոշտ արձագանքները, ԱՀ Խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում քննարկում կազմակերպվեց, նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը նաև խիստ գրառմամբ հանդես եկավ, արձագանքեցին բազմաթիվ գործիչներ թե Հայաստանում, թե Արցախում:
Արայիկ Հարությունյանը նախ ասել էր, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:
«Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:
Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն»,- մասնավորապես ասել էր նա:
Այս գործընթացներից հետո, ասես հրահանգով, ՔՊ-ական մանր ու մեծ պաշտոնյաներն ու նրանց համակիրները բավականին կտրուկ տեքստերով հանդես եկան, որոնց կարմիր թելը հայաստանցի-արցախցի ջրբաժանին նոր շունչ հաղորդելն էր:
Ուշագրավ է, որ այս «արշավին» մասնակցում էր նաև «Մեդիանյուզ» կայքը, որի անունը կապում են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ:
«Արցախի չճանաչված Հանրապետության նախագահին մեկ հարց, ո՞վ եք դուք առանց մեզ և մեր զինվորի, առանց մեր աշխատող քաղաքացիների վճարած հարկերի: Այդ ինչպես է լինում, երբ կյանքի-մահու հարց է, մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք պատերազմի առաջին գծում, մեր զինվորն է կյանքով պահում Արցախի հողը: Իսկ երբ խաղաղ է, թե բա ով ենք մենք…»,- մասնավորապես գրել է կայքը:
Շարունակելով միտքը՝ կայքը նշել է, որ ՀՀ-ում այսօր իշխանությունը քաղաքացիների աշխատավարձերը չի կարողանում բարձրացնել միայն այն պարզ պատճառով, որ ստիպված է Արցախում «պորտաբույծների» մի ամբողջ բանակի աշխատավարձ վճարել:
Մնացածը՝ նույն ոճի մեջ:
Սա նշանակում է, որ մեկնարկ է տրված՝ խորացնելու արցախցի-հայաստանցի առճակատումը, և դա արվում է մեկ կենտրոնից, մեկ հոգու հրահանգով ու բավականին հեռահար, բայց շատ պարզ նպատակով: