«Արդո՞ք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այս ամենը կհանդուրժեր, արդո՞ք դուք չեք հեռացել ձեր իսկ հռչակած սկզբունքներից». հարց Նիկոլ Փաշինյանին
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այսօր ժամը 20։00-ին պետք է պատասխաներ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում։
Լրատվամիջոցներից մեկը Փաշինյանին հիշեցրել էր, որ տարիներ առաջ ընդդիմադիր Փաշինյանը սուր քննադատությունների էր ենթարկում իշխանություններին, այսօր հենց ինքն է իրեն թույլ տալիս այն, ինչի համար քննադատում էր այն ժամանակվա իշխանություններին։ Լրատվամիջոցը մասնավորապես նշել է․
«Իշխանության գալիս դուք հայտարարում էիք թափանցիկ և հաշվետու լինելու մասին, բայց ձեր կառավարության նիստերում գերակշռում են չզեկուցվող հարցերը, դուք քննադատում էիք պադավատապետությունը, բայց Ազգային ժողովի նախագահի համար գնվում է 200.000 դոլարանոց մեքենա, դուք բացառում էիք բաջանաղապետությունը, սակայն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումները ձեր օրոք շարունակվում են, դուք հայտարարում էիք, որ կարևորելու եք մարդկանց մասնագիտական որակները, բայց բոլոր առանցքային պաշտոններում նշանակում եք ձեր քաղաքական թիմի անդամներին, այդ թվում և՝ առանց դիվանագիտական փորձի դեսպանների եք նշանակում այնպիսի կարևոր երկրներում, ինչպես ԱՄՆ-ը, Գերմանիան, Իսպանիան։ Դուք դատապարտում էիք Սերժ Սարգսյանի նկարները պաշտոնյաների աշխատասենյակներում կախելը, մինչդեռ հիմա ձեր նկարն է կախված «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաների աշխատասենյակներում։ Խնդրում ենք անկեղծ լինել, արդո՞ք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այս ամենը կհանդուրժեր, արդո՞ք դուք չեք հեռացել ձեր իսկ հռչակած սկզբունքներից»։
Չնայած, որ լրատվամիջոցի հարցման մեջ որևէ խոսք չկար բուհերի մասին, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ բուհերին՝ ասելով, թե հարցի հեղինակը մի բան մոռացել է․
«Ես հեղափոխության ժամանակ բուհերի կուսակցականացման դեմ եմ խոսել, բայց հիմա, օրինակ՝ կուսակցության ղեկավարը և ներկայացուցիչներ նշանակվում են բուհերի խորհուրդների նախագահներ․․․։ Այո, եղել է այդպիսի բան, և մենք իրականում 2020 թվականի իրադարձություններն ի՞նչ ցույց տվեցին, ցույց տվեցին, որ մենք լրիվ ապակուսակցականացվել ենք բուհերի համակարգում, և պարզվեց՝ այդ բուհերը 90 տոկոսը թաքնված կուսակցականներ են, գիտե՞ք, որ Հայաստանում կուսակցություններ կան, որ թաքնված կուսակցականի ինստիտուտ ունեն և մի քանի հատ էլ կողքից․․․ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը տասնյակներով նետվում էին մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը, մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, հիմա գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին, օրինակ, 2000-ական թվականներին։ Եվ այսօր, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար, որովհետև պարզվեց՝ ամեն մի ֆակուլտետը մի-մի կուսակցության բոստան է»։
Անդրադառնալով երկրի ղեկավարի նկարը աշխատասենյակներում փակցնելու վերաբերյալ լրագրողի հարցին, Փաշինյանն ասաց, թե ինքը խոսել է, երբ Սերժ Սարգսյանի նկարը Հատուկ քննչական ծառայության քննիչի աշխատասենյակում էր փակցրած․
«Ես երբեք չեմ խոսել այն մասին, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում պետք է կախված չլինի բարձրաստիճան երկրի ղեկավարի նկարը։ Ես խոսել եմ ընդդիմադիր ժամանակ, հետագայում էլ, այո, հեղափոխության սկզբնական շրջանում չի եղել, բայց մենք հասկացել ենք, որ պետական ատրիբուտներին պետք է ավելի սենտիմենտալ և երկչոտ չլինենք, որովհետև, եթե մենք ստանձնել ենք պետական պատասխանատվություն, ուրեմն նաև՝ պետական ատրիբուտներին, արարողակարգերին վերաբերվենք պատշաճ ձևով»։
Առանց դիվանագիտական փորձի դեսպաններ նշանակելու մասին Փաշինյանն ասաց․
«Մենք տեսանք, թե 2021 թվականի մայիսին դիվանագիտական փորձառության մարդիկ ոնց պետության ողնաշարին թիկունքից խփեցին․․․»։
Բաջանաղապետության մասին էլ Փաշինյանը զարմանքով արձագանքեց․
«Ո՞ւմ բաջանաղն է որտեղ նշանակվել, ես չեմ բացառում։ Գիտեք, յուրաքանչյուր նախարար, պատգամավոր, բոլորն ինչ-որ մեկի բաջանաղն են, բայց հարցն այն է՝ իրենք բաջանաղ լինելու համա՞ր են նշանակվել, թե՞ ոչ»։
Ինչ վերաբերում է կադրային ընտրովի քաղաքականությանը, Փաշինյանը դա բացատրեց հետևյալ կերպ՝ հուսալիությունը շատ կարևոր բան է։
Պադավատապետության և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200.000 դոլարանոց մեքենա գնելու մասին էլ Փաշինյանն այսպես արձագանքեց, փորձելով արդարացնել այս քայլը․
«Ես ձեզ պետք է խոստովանեմ, որ էլի ենք մեքենաներ ձեռք բերել, այդ թվում՝ նաև ինձ համար․․․ Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել, ընդ որում, բնակավայրերի մեջ, խնդիր չի, կարամ իջնեմ, նույնիսկ բրթեմ՝ խոդ քցելու համար մեքենան․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում