«Ժողովուրդը Վանաձորում որոշել է, որ քեզ պատի տակ սատկացնելու է, իսկ դու որոշում ես, որ՝ չէ, այնուամենայնիվ, ժողովուրդը չի կարող որոշել․․․»․ Արսեն Բաբայան

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Վանաձոր խոշորացված համայնքում ավագանու անդրանիկ նիստի տապալմանը, որը չէր կայացել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից դատարան մուտքագրված դիմումի պատճառով։

Հարցին՝ ի՞նչ է ուզում անել իշխանությունը, Բաբայանն այսպես պատասխանեց․

«Իշխանությունը Վանաձորում գողանում է իշխանությունը, ՏԻՄ-ից գողանում է իշխանությունը, Քրեական օրենսգրքով նախատեսված իշխանության յուրացում է կատարում։ Սա բացահայտ կատարվող հանցագործություն է, ժողովուրդն ընտրել է 1 անձի, մեծամասնությունը քվեն տվել է 1 անձի, և ինչ-որ մեկը՝ Նիկոլ Փաշինյան անունով, և նրան սպասարկող Էդմոն Մարուքյանը, նրանց սպասարկող դատարանները և այլ ուժեր, որոնք սպասարկում են, մենք գիտենք, փորձում են խլել, գողանալ այդ իշխանությունը, որպեսզի իրենց ուզած մարդուն բերեն և դարձնեն քաղաքապետ, մինչդեռ Վանաձորն ընտրել է իր քաղաքապետին․․․»։

Արսեն Բաբայանը հիշեց Նիկոլ Փաշինյանի երբեմնի արած հայտարարությունը, թե «ժողովուրդն է որոշողը, եթե որոշի՝ պատի տակ կանգնեմ, կկանգնեմ, կգնդակահարվեմ», ապա ավելացրեց․

«Ժողովուրդն էստեղ որոշել է, որ քեզ պատի տակ սատկացնելու է, իսկ դու որոշում ես, որ չէ, այնուամենայնիվ, ժողովուրդը չի կարող որոշել․․․ Բոլոր տեղերում, որտեղ իշխանությունը պարտվել է, ռեպրեսիաներով, իրավապահ համակարգի գործադրումով, գրպանում եղած քաղաքական ուժերին օգտագործելով՝ գնում է այն ճանապարհով, որ ժողովրդի ընտրությունը տեղի չունենա․․․»։

Տեսանյութեր

Լրահոս