Վանաձորում ավագանու առաջին նիստը չկայացավ․ պատճառը ԼՀԿ-ի դիմումն է Վերաքննիչ դատարան
Վանաձորում այսօր նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է լիներ, սակայն այն չկայացավ։ Համայնքի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը լրագորղների հետ զրույցում հայտնեց, որ պատճառը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում մուտքագրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումն էր։
«Դատարանի կողմից վարույթ է ընդունվել, և դատարանը մեզ պարտավորեցրել է այսօր նիստ չգումարել։ Հենց դատարանի որոշումը եղավ, օրենքի ուժով հաջորդ օրը կնշանակվի ավագանու նիստը»,- ասաց Հակոբյանը։
Փաստորեն, Վերաքննիչ վարչական դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, որով ըստ էության արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստեր կազմակերպել, անցկացնել կամ դրան ուղղված որևէ գործողության կատարել, քանի դեռ վերաքննիչ վարչական դատարանը ԼՀԿ-ի ներկայացրած բողոքի վարույթ ընդունելու հարցը չի լուծել։
Վանաձոր խոշորացված համայնքում նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 9 մանդատ, «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցություն՝ 5 մանդատ), «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ։
Տեղեկացնենք նաև, որ ավագանու 33 անդամից 4-ն ինքնաբացարկ են ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 1-ը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։
Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորի ընտրությունների առնչությամբ դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել արդյունքների մասին ընտրական հանձնաժողովի որոշումը:
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում։