ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում  Կառավարությունը հաստատեց ընտրված ռեկտոր Արմեն Մուրադյանին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը։

ԿԳՄՍ նախարար վահրամ Դումանյանը նախ հիշեցրեց կառավարության որոշումներից մեկը, ըստ որի՝ բոլոր պետական բուհերի հոգաբարձուների և կառավարման խորհուրդների կազմը 20 հոգանոց պետք է լինի, ապա հայտնեց, որ այլևս ավարտված են այդ խորհուրդների ձևավորման նախագծերը․

«Շուտով բոլոր խորհուրդները կունենան հաստատված և առաջին ընտրությունը, որ տեղի ունեցավ նորացված՝ 20 հոգանոց խորհուրդով, դա բժշկական համալսարանն էր․․․ Նիստին մասնակցել են 19 անդամներ, և միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը։ Առաջարկում եմ հաստատել պարոն Մուրադյանի՝ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում և, իհարկե, շնորհավորում եմ»։

Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին, ապա հավելեց, որ բուհում այս պահին միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական, այլև կլինիկական ուղղությունը զարգացնելու ուղղությամբ․

«Այս պահին արդեն պատրաստ է ուղեղի զարգացման կենտրոնը, հետազոտման կենտրոնը, որը 1 ամսվա ընթացքում կարող ենք արդեն բացել, գեներացրել է 2 միլիոն դոլար։ Այս պահին Կառավարությանը կարող եմ զեկուցել, որ շուրջ 700 աշխատատեղ ենք բացել վերջին 5 տարիների ընթացքում ԵՊԲ համալսարանում և մեր կողմից հիմնադրած հաստատություններում, կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցները և ակտիվները, շահույթը գրեթե 5 անգամ բարձրացրել ենք։ Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանում 32 երկրներից սովորում  են շուրջ 2000  ուսանող, և ամեն 4-րդ ուսանողը  արտասահմանցի է: Մեր առջև դրել ենք նպատակ՝ ամեն 2-րդ ուսանողն ունենալ արդեն մեր կազմում՝ որպես արտասահմանից ժամանած»։

Կառավարությունը միաձայն հաստատեց ԵՊԲՀ ռեկտորի ընտրության արդյունքները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս