Իսկ նորընտիր քաղաքապետը չի՞ ուզում ասել՝ ինչո՞ւ էր մեկ շաբաթ շարունակ Հայկ Մարությանի տան «պռարաբին» համոզում աշխատանքից ազատվելու դիմում չգրել

Եվ այսպես, Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, ով մինչ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը:

Ավագանու այսօրվա նիստն արդեն պատմություն է, և պատմության մեջ առաջին անգամ Երևանի քաղաքապետն իր պաշտոնին հրաժեշտ տվեց ավագանու կողմից իրեն անվստահություն հայտնելու արդյունքում:

Իր ելույթում Հայկ Մարությանը, արձագանքելով հեղափոխական արժեքներից իր՝ իբր շեղվելու մեղադրանքներին, բավականին ծանր մեղադրանքներ էր հնչեցրել իր երբեմնի կուսակցական գործընկերների հասցեին:

«2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ, մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները՝ 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, և այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից՝ պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ՝ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 %-ի սահմաններում»,- մասնավորապես ասել էր Հայկ Մարությանը:

Շարունակելով՝ արդեն նախկին քաղաքապետն ասել էր՝ «կասեք՝ ինչո՞ւ չէիր շուտ խոսում սրա մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում՝ տարբեր մակարդակներում։ Ոչ մի արձագանք։ Կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ»:

Այս ելույթը թե տարբեր տրամաչափերի ՔՊ-ականները, թե ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բավականին ծանր տարան՝ ֆեյսբուքյան գրառումներով անդրադառնալով դրան:

Իսկ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ում, ի դեպ, ավագանու անդամ Վահե Գևորգյանը մեղադրեց ավագանու անդամներին շանտաժի ենթարկելու մեջ, կոնկրետ օրինակ բերեց:

«Այս շենքում էլ և ենթակա հիմնարկներում մարդիկ են աշխատում, ովքեր մերձավոր կապեր ունեն պարոն Մարությանի հետ: Չեմ ուզում անձնավորել, բայց ստիպված եմ այս ամեն ինչը ասել: Չգիտեմ՝ բնակարանի «պռարաբը» և էլի աշխատակիցներ: Այդ մարդկանց գույքային վիճակը որ հիմա նայենք… Ազատման դիմում է գրել, չէ՞: Հիմա ո՞ւր է: Այդ ինչո՞ւ այդքան շուտ դուրս եկավ աշխատանքից: Կարո՞ղ է՝ երկրում էլ չէ արդեն. մի հատ պետք է պարզել»,- ասաց Արմեն Գալջյանը:

Անշուշտ, լեգիտիմ հարցադրումներ են: Միայն թե Արմեն Գալջյանը կամ իրողությունը կիսատ գիտի, կամ միտումնավոր թաքցնում է իր իմացածը:

Իսկ իրականությունն այն է, որ 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկ շաբաթ շարունակ համոզել է Հայկ Մարությանի՝ իրենց ասած տան «պռարաբին» (աշխղեկ), որ աշխատանքից ազատման դիմում չգրի: Խոսքը շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի մասին է: Վերջինս, սակայն, անդրդվելի է մնացել. Հայկ Մարությանի հետ եկել է, նրա հետ էլ հեռանում է:

Հիմա նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի՞ ուզում ասել՝ ինչո՞ւ էր նրան համոզում աշխատանքից չազատվել:

Տեսանյութեր

Լրահոս