Արմեն Գևորգյանը դեռևս կունենա սահմանային տեղաշարժի արգելք. Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) շարունակում է ԵԴ/0253/01/19 կամ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննությունը։
Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելը հնարավոր դարձնելու վերաբերյալ։ Միջնորդությունը չէր տրամադրվել մեղադրող կողմին, և փաստաթղթին դատախազները ծանոթացան նիստերի դահլիճում։
Ներկայացնելով միջնորդությունը՝ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին իր պաշտպանյալը, որպես ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի։
Նա նաև հիշեցրեց պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։ Ըստ էության խոսքը Սահմանադրության 96-րդ հոդվածի կիրառելիության մասին է:
Պաշտպանական կողմը խնդրեց նաև նշված օրերին դատական նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը վերացնել։
Պաշտպան Լուսինե Սահակյանը նաև հայտնեց, որ դատարանի կողմից Գևորգյանի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը սահմանափակող որոշման պատճառով նրան չի հաջողվել մասնակցել դեկտեմբերի 14-ին կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին։ Պատգամավորը չի կարողացել նույնիսկ հեռավար մասնակցել, քանի որ հենց այդ նույն ժամին՝ Երևանի ժամանակով 13։00-ին, դատական նիստն էր նշանակված։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը։
Ըստ նրա՝ ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչը կապ չունի Արմեն Գևորգյանի հետ:
«Նա չի օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը»։
Իր հերթին՝ Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ դատախազությունն անհարգալից վերաբերմունք է դրսևորում Խորհրդարանի և ժողովրդի քվեն ստացած պատգամավորների նկատմամբ։ Նա նաև հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՍԴ-ն հակասահմանադրական և ապօրինի ճանաչեց այն մեղադրանքները, որոնք պաշտպանում էր դատախազությունը։
«Անկախ նրանից, ենթարկվո՞ւմ է պատգամավորը քրեական հետապնդման, թե՞ ոչ, պետք է ստեղծել պայմաններ, որ այդ գործընթացը չխանգարի ԱԺ-ի բնականոն գործունեությանը, որպեսզի պատգամավորն իր լիազորությունները լիարժեք կատարի», – նշեց Արմեն Գևորգյանը։
Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն այս պահի դրությամբ ոչ ամբողջական տեղեկատվությունն է տրամադրել։
Խոսքը գնում է ԱԺ նախագահի գրության մասին, որտեղ պետք է նշվեն ՀՀ-ից մեկնելու և վերադառնալու հստակ ամսաթվերը։ Միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև այդ տեղեկատվության ստանալը։
Մանրամասները՝ տեսանյութում