Չի կարելի 1 անձի պատճառով 1 միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների․ Արմեն Գալջյան

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը: Ի դեպ, դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հետ ավագանու իմքայլական անդամների հետ հանդիպումից հետո հրապարակվեց Մարությանին  փոխարինողի՝  քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի անունը։

Թե ինչո՞ւ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի ուզում ավագանու նոր արտահերթ ընտրություններ անցկացնել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց ավագանու իշխանական խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը․

«Երբ ինձ ասում են՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեք անում, ինձ մոտ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ պետք է անենք արտահերթ ընտրություններ, կարո՞ղ է որևէ մեկը պատասխանել»։

Դիտարկմանը, թե՝ ձեր գործընկերներից ոմանք համարում են, որ քաղաքապետին անվստահություն հայտնելով և այլ քաղաքապետ նշանակելով՝ երևանցու կարծիքը հաշվի չի առնվում, Գալջյանն այսպես արձագանքեց․

«Երևանցու կարծիքը հաշվի է առնվել 3 տարի առաջ և հաշվի կառնվի 2 տարի հետո։ Չի կարելի 1 անձի պատճառով կամ 1 անձի համար 1 միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների, որովհետև մարդիկ ընտրել են, որպեսզի խնդիրները լուծվեն, և չեն ընտրել, որպեսզի որևէ անձի կոմֆորտի զոնայում կառավարվի քաղաքը։ Այսինքն՝ արտահերթ ընտրություններ անենք, որ հասկանանք, թե այդ մի հոգու շուրջ ի՞նչ են մտածում, բա ավագանու ինստիտուտն էլ ո՞ւմ է պետք․․․»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը լքած, օրեր առաջ մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը հակադարձեց նախկին թիմակցին՝ ասելով, որ քաղաքի խորհրդարանը, ցավոք, այսօր չի ներկայացնում Երևանի շահերը․

«Ես հասկանում եմ, որ ձեռնտու չէ գնալ արտահերթ ընտրությունների, ոչ «Իմ քայլին» կամ «Քաղաքացիական պայմանագրին, ոչ «Լուսավոր Հայաստանին», և ոչ էլ «Բարգավաճ Հայաստանին», սա այսօր  ձեռնտու է միայն ու միայն Երևանի բնակչին, որն ուզում է իր ձայնը լսելի դարձնել։ Եթե վախենալու խնդիր չկա, և «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է թեկուզ Հրաչյա Սարգսյանի դեմքով գնալ ընտրության և հաղթել, խնդիր չկա, ես միայն ուրախ կլինեմ, որ այդպես լինի, բայց տոտալ արհամարհում ենք և քաղաքացու նկատմամբ արհամարհանքը փաթեթավորում ենք 1 անձի կոմֆորտի զոնայի, ո՛չ, այսօր երևանցին պետք է կոմֆորտի զոնայում լինի, այստեղ անհարգալից վերաբերմունք է  Երևանի քաղաքացու հանդեպ։ Ասում եք՝ 3 տարի առաջ լսեցինք երևանցու կարծիքը, 2 տարի հետո էլ կլսենք, բայց քաղաքացու ձայնը միշտ պետք է լսել․․․»։

Խոսելով առաջացած ճգնաժամի մասին, Երիցյանն ընդգծեց, որ պետք է ազնիվ լինել և երևանցիներին ասել՝ չկարողացանք, և հիմա  դուք պետք է որոշեք, թե ում եք տեսնում՝ որպես նոր քաղաքապետ․

«Ոչ թե 40 հոգով, որի կեսը նիստին երբեք չի էլ ներկայացել, և ում քաղաքացին չգիտի, նստեն և քաղաքացու փոխարեն որոշում կայացնեն․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս