Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը չի բխում երանցիների շահերից․ Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, որը չէր միացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին և դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հետ ավագանու իմքայլական անդամների հանդիպման հենց հաջորդ օրը վայր դրեց մանդատը, ու այսօր մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, որ չի միացել այս գործընթացին, քանի որ համարում է, որ այն հակաժողովրդավարական գործընթաց է և չի բխում երևանցիների շահերից։
«Իհարկե, օրինական գործընթաց է, ավագանին իրավունք ունի օրենքի տառին համապատասխան անվստահություն հայտնել քաղաքապետին, սակայն, եթե գնայինք օրինական հարթություններով, նաև չէր լինի 2018 թվականի հեղափոխությունը, ինչի արդյունքում ձևավորվեց «Իմ քայլը» դաշինքը՝ իբրև հեղափոխական դաշինք, որի առաջին համարը քաղաքային ընտրություններում Հայկ Մարությանն էր։
Այնպես որ, ես կարծում եմ, որ այս որոշումը ներկուսակցական որոշում է, չի բխում հանրության շահերից, և այստեղ մենք քննարկում ենք քաղաքական տարբեր օրակարգեր, բայց չենք քննարկում, թե ինչքանով է սա բխում մեր համաքաղաքացիների շահերից։ Իսկ ես վստահ եմ, որ այս փոփոխությունն իր հետ բերելու է նոր ճգնաժամ, ոչ միայն ճանաչելով Հրաչյա Սարգսյանին, այլ նաև իմանալով, որ սա միայն քաղաքապետի փոփոխություն չէ, սա նաև բոլոր փոխքաղաքապետերի փոփոխություն է, սա ենթադրում է վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն, ենթադրում է վարչության պետերի փոփոխություն և համալրում իշխող կուսակցության ներկայացուցիչներով կամ իրենց մոտ կանգնած անձերով, և ես վստահ եմ, որ քաղաքը դրան պատրաստ չէ և այս 1 տարի 8 ամիսը, որ մնացել է իշխող ուժին, քաղաքի կառավարումը դրանից միայն տուժելու է․․․ Ամփոփելով խոսքս, այստեղ տուժում է միայն երևանցին, և չի շահում ոչ ոք, ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես չի շահում այս գործընթացից․․․»,- ասաց Երիցյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում