«Հնչեցված պատճառներն ավելի շատ ներկուսակցական են»․Դավիթ Խաժակյանն անվստահություն չի հայտնի Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ չի միանալու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Խաժակյանն ասաց, որ ինքը մշտապես հայտարարել և թվերով էլ ի ցույց է դրել, որ այն կառավարումը, որն իրականացվել է, ձախողված կառավարում է եղել, ավելին, հիմա տեսնում ենք, որ այդ ձախողումն արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության մեջ, այլև քաղաքական փոխհարաբերությունների մեջ, որովհետև թե Երևանի ավագանին, թե Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոններ են․

«Ես նաև հասկանում և ընդունում եմ, որ մեր քաղաքացիներից շատերի համար այս տրամաբանությունն անընկալելի է, և այն մարդիկ, որոնք գտնում են, որ Մարությանի գործունեությունը դրական անդրադարձ է ունեցել, իրենք չեն հասկանում իշխանության՝ քաղաքապետի փոփոխության շարժառիթները, բայց այդուհանդերձ ֆիքսենք, որ քաղաքապետն առաջնային մանդատ չունի, և ավագանին, այո, կարող է այդ փոփոխությունն իրականացնել։

Մենք չենք միացել այս նախաձեռնությանը, որովհետև այն պատճառները, որ հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են, ավելի շատ ներքաղաքական խնդիրներից են բխում, և մենք այդտեղ, որպես այդպիսին, վերապահում չունենք և գտնում ենք, որ, եթե իրենք այս պատճառաբանություններով ցանկանում են փոփոխություն իրականացնել, ապա դա իրենց իրավունքն է, և մենք այդտեղ անելիք չունենք, բայց այդուհանդերձ Մարությանի գործունեության մասին շատ է խոսվել, և կարծում եմ՝ դեռ շատ է խոսվելու։

Այլ բան է նաև, թե ինչպիսի կառավարում կլինի ապագա 2 տարիներին, և մենք որպես ավագանու անդամներ՝ կրկին հանձնառու ենք վերահսկելու նոր քաղաքապետի գործունեությունը, բայց իմ տպավորությամբ՝ վերջին տարիների ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը գոնե այն մասով, որքանով մենք փոխհարաբերվել ենք քաղաքային տնտեսության վերաբերյալ, ցուցաբերել է բանիմացություն, և հույս հայտնեմ, որ մենք առնվազն որևէ մասով հետընթաց՝ եղած վիճակից, չենք ունենա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս