1 տարի ճգնաժամով ենք աշխատել. հարցի լուծման բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը:

Թեմայի վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ քաղաքապետ Մարությանի և թիմի միջև քաղաքական խզումը սկսվել է դեռ 1 տարի առաջ, երբ Մարությանը պատերազմից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում էր ներկայացրել։

«Մինչ այդ եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք եղել են այնպիսի խնդիրներ, որ հնարավոր է եղել հարթել, այսինքն՝ հիմնականում աշխատանքային մակարդակի խնդիրներ են եղել, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով պարոն Մարությանն այդպիսի որոշում է կայացրել, և դրանից հետո մենք 1 տարի փաստացի ճգնաժամով ենք աշխատել, ուղղակի դա ի ցույց չենք դրել հանրությանը, որովհետև երկիրը գտնվել է ծանր վիճակում, և գտել ենք, որ մեր տարաձայնություններն ինչ-որ պահի սառեցնենք և փորձենք վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ կատարել, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել, չնայած որ մենք մեծ ջանքեր ենք ուղղել այդ ուղղությամբ»,- ասաց Գալջյանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետի հրաժարականի անհրաժեշտությանը, Երևանի ավագանու իշխող խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ դա որևէ տեղ գրված չէ, բայց քաղաքական տրամաբանությունն ու Ընտրական օրենսգրքի տրամաբանությունը դա են հուշում․

«Եթե նախկինում կար առանձին քաղաքապետի ընտրություն, առանձին ավագանու անդամների ընտրություն, ապա Ընտրական օրենսգրքում տեղի ունեցավ փոփոխություն, որը նոր տրամաբանություն բերեց ընտրակարգում, այն է՝ համամասնական ընտրությունը, և քաղաքացիներն ընտրում են ոչ թե անձերի, այլ ուժերի, և այդ քաղաքական ուժն է ընտրում, թե իր ցուցակից ով պետք է դառնա քաղաքապետ։ Այո, սովորաբար առաջին համարներն են դառնում քաղաքապետ, բայց օրենսդրությունն ավագանուն տվել է լիազորություն՝ անհրաժեշտության դեպքում և վստահության բացակայության դեպքում փոխել քաղաքապետին, ինչը մենք հիմա անում ենք»։

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ ջանքեր են գործադրվել, որպեսզի վերականգնվի քաղաքապետի և իշխանական թիմի միջև կապը, Արմեն Գալջյանն ասաց, որ դրանք հիմնականում քննարկումների մակարդակով են դրսևորվել, թե առանձնազրույցների, թե խմբակցության նիստերի ֆորմատով։ Պատճառների մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը գերադասեց չխոսել, միայն հավելեց․

«Հարցի լուծման բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում, և նա պարզապես, իմ կարծիքով՝ չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից և վերականգնել այդ խզումը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին. օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն էր։ Նշենք նաև, որ ավագանու ոչ բոլոր անդամներն են կողմ այս գործընթացին, և կարելի էր ենթադրել, որ հենց դա էր պատճառը, որ նրանք նաև վայր են դնում մանդատները։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը վայր են դրել մանդատները։

Մարնամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս