«Կարելի էր մի քիչ շատ մտածել նշանակումից առաջ». Հայկ Մամիջանյանը՝ բանագնաց նշանակված Ռուբեն Ռուբինյանի մասին
«Հայ-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը, որը տեսնում է այս իշխանությունը, խիստ անընդունելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը։
Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանի իշխանությունները գործընթացն այնպես էին կառուցում, որպեսզի Թուրքիան որպես դերակատար հանդես չգար ղարաբաղյան հիմնախնդրի տրամաբանության շրջանակներում.
«Այսինքն՝ հանդես գար միայն իրեն հասանելիք կարգավիճակով, այն է՝ ընդամենը Մինսկի խմբի անդամ երկիր, և դա կարծես հաջողվում էր։ Այժմյան տիրող գործընթացները, դատելով Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններից, խիստ հակառակն են հուշում։ Թուրքիան ակտիվ դերակատարում է պլանավորում ունենալ ղարաբաղյան հիմնախնդրում, որը Հայաստանի համար պետք է անընդունելի լինի, այս իշխանությունները դա չեն հասկանում, իսկ եթե հասկանում են, ապա չեն կարողանում իմպլեմենտացնել, որովհետև անցնող տարում և առհասարակ աղետալի պատերազմից հետո թուրքական կողմի բոլոր հայտարարություններն ուղղված էին ղարաբաղյան հիմնախնդրի մեջ իրենց քիթը խոթելուն։ Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին, հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության ժառանգությունը, որ Ռուբեն Ռուբինյանը թողել է այս գումարման Ազգային ժողովին, կարելի էր մի քիչ ավելի շատ մտածել նշանակումից առաջ։ Բայց այստեղ խնդիրը ոչ միայն անձերն են, այլ խնդիրը տրամաբանությունն է, Նիկոլ Փաշինյանի օրոք ցանկացած բանակցություն Հայաստանի համար վատ է ավարտվելու, ուստի յուրաքանչյուր բանակցային ճակատ, որը բացվում է, նույնիսկ, եթե դա լինի խիստ բարեկամական երկրի հետ, ինձ համար խնդիրներ է առաջացնում, որովհետև այդ անձնավորությունն ունակ չի պաշտպանել մեր երկրի շահերը, ինքը դա բազմիցս ապացուցել է՝ գերիներից մինչև կապիտուլյացիոն համաձայնագրի կնքում․․․»։
Ամփոփելով անցնող տարին, պատգամավորը հիշեցրեց՝ իրենք բարձրաձայնել են, թե քաղաքական դաշտում «Հանրապետական»-ի թիվ մեկ խնդիրը որն է, և քանի այդ խնդիրը չեն կարողացել լուծել, որևէ տարի քաղաքական տեսանկյունից բնորոշվել հաջողակ, չի կարող։
«Երկրի համար, ցավոք սրտի, անցնող տարին փաստացի բոլոր ոլորտներում շարունակեց մնալ անկման, իսկ մեծ մասում՝ գահավիժման տարի։ Չեմ ուզում լինել բոթաբեր, բայց կարծում եմ՝ մեր համաքաղաքացիները նույնչափ, ինչքան մենք, հետևում են լրահոսին, թե միջազգային, թե ներպետական, և բացի մի շարք նիկոլապաշտ պաշտոնյաներից, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանա նախորդ տարին բնորոշել որպես հաջող․․․»,- ընդգծեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում