«Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»․ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 17-րդ համագումարը: Օրակարգում նաև կուսակցության նախագահի և գործադիր մարմնի 17 անդամների ընտրության հարցն էր։ Կուսակցության նախագահի միայն մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Փակ, գաղտնի քվեարկությունից և արդյունքներն ամփոփելուց հետո, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբրիելյանը հրապարակեց արդյունքները․
«Ընտրություններին մասնակցել և քվեաթերթիկ են ստացել 525 պատվիրակ։ ՀՀԿ նախագահի պաշտոնի համար առաջադադրված Սերժ Ազատի Սարգսյանը ստացել է կողմ՝ 523, դեմ՝ 2, անվավեր չկա։ Այսպիսով հաշվիչ հանձնաժողովն արձանագրում է՝ ՀՀԿ նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը»։
Ապա հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտությունների արդյունքները․
«ՀՀԿ ԳՄ անդամներ են առաջադրվել 17 թեկնածու, ընտրությանը մասնակցել և քվեաթերթիկ են ստացել 525 պատվիրակ, 4 քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Աբրահամյան Տիգրան՝ 504 կողմ, 8 դեմ, Աշոտյան Արմեն՝ 505 կողմ, 8 դեմ, Աճեմյան Կարինե՝ 467 կողմ, 42 դեմ, Ավագյան Կարեն՝ 450 կողմ, 59 դեմ, Բաղդասարյան Վահրամ՝ 495 կողմ, 15 դեմ, Եսայան Մարգարիտ՝ 494 կողմ, 14 դեմ, Զաքարյան Արտակ՝ 509 կողմ, 1 դեմ, Թադևոսյան Ռուբեն՝ 502 կողմ, 8 դեմ, Լալայան Մուշեղ՝ 504 կողմ, 7 դեմ, Հարությունյան Դավիթ՝ 502 կողմ, 9 դեմ, Մամիջանյան Հայկ՝ 520 կողմ, դեմ 0, Մարգարյան Տարոն՝ 516 կողմ, 2 դեմ, Մինասյան Գագիկ՝ 498 կողմ, 40 դեմ, Մկրտչյան Աննա՝ 495 կողմ, 16 դեմ, Նիկոյան Սամվել՝ 484 կողմ, 22 դեմ, Շարմազանով Էդուարդ՝ 506 կողմ, դեմ 3, Սահակյան Գալուստ՝ 485 կողմ, 24 դեմ»։
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նախ շնորհավորեց ՀՀԿ ԳՄ անդամ ընտրված գործընկերներին, ապա վստահեցրեց, որ շարունակելու են պայքարել հանուն նրա, որ երկիրը դուրս գա այս մղձավանջային վիճակից.
«Հարգելի պատվիրակներ, ուզում եմ հավատալ, որ ձեր քվեները գալիս են մեր կուսակցության շարքերից, և ուզում եմ, որպեսզի դուք հավաստիացնեք մեր կուսակցականներին, որ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ նրանց վստահությունը։ Ես մի ցանկություն ունեմ, որպեսզի մեր համակիրները, նաև նրանք, ովքեր պայքարել, պայքարում և պատրաստվում են պայքարել մեր երկրի ապագայի համար, վստահ լինեն, որ ոչ ես, ոչ մեր գործադիր մարմինը, ոչ այստեղ հավաքված պատվիրակները, ինչպես նաև մեր կուսակցականների ճնշող մեծամասնությունը չի ընկրկելու, ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը թոթափի այս մղձավանջը և սկսի վերականգնել այն, ինչ որ ունեցել ենք՝ ավելին, էլ ավելի լավ Հայաստան կառուցել»։