Առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության վերաբերյալ նիստի քննությունն ավարտվեց

Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր շարունակում է քննել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՍԴ դատավորները մի շարք հարցապնդումներ էին արել ու տեղեկություններ խնդրել Առողջապահության և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներից, որոնք ժամանակ էին խնդրել դրանք տրամադրելու համար:

Նիստի սկզբում դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ, անշուշտ, կորոնավիրուսի դեմ անխնա պայքար պետք է տարվի, բայց այդ պայքարը պետք է տարվի ոչ թե ի հաշիվ իրավունքի և Սահմանադրության, այլ դրա պահպանմամբ:

«Գտնում ենք, որ դիմումում ներկայացված հիմնավորումներն առավել քան բավարար են, որպեսզի Բարձր դատարանը առողջապահության նախարարի՝ 2021թ. Ն-65-Ն հրամանի մասով դիտարկի դրա՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր բնույթը, իսկ վիճարկվող օրենքի դեպքում առնվազն իրավական դիրքորոշմամբ նույնիսկ սպառի, բացառի հնարավոր այն մեկնաբանությունները, որոնք մենք տեսանք Դատարանում քննության ընթացքում, երբ նույնիսկ կարծես թե հստակ առերևույթ դրույթները մեկնաբանվում են այնպես, որ առնչություն չունեն որոշակիության հետ»,- իր ելույթի ավարտին ասաց Արամ Վարդևանյանը:

Պատասխանող ԱԺ ներկայացուցիչը, սակայն, պնդեց, որ հրամանով նախատեսված նորմը սահմանադրականության հետ խնդիր չի առաջացնում:

Առողջապահության նախարարի ներկայացուցիչն իր խոսքում ՍԴ-ին ներկայացրեց մինչ այժմ պատվաստվածների թիվը, նշեց, որ պատվաստումների գործընթացն ապացուցել է իր արդյունավետությունը, ապա շատ կարճ պատասխանեց ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի՝ նախորդ նիստի ժամանակ հնչած հարցադրումներին:

Դիմող և պատասխանող կողմերին հարցեր չեղան, և Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ աշխատանքը ծավալուն է, 1-2 օրը բավարար չի լինի, և կողմերը որոշման հրապարակման մասին կտեղեկանան դրանից 2 ժամ առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս