Բաժիններ՝

«Էս ի՞նչ ես անում, քո քննիչները, քո միլիցեքը, քո քյալամ հավաքող պարեկները… բերել լցրել ես, որ ժողովրդին մի հատ սխալ կայանման համար կալանավորե՞ս». տուժած քաղաքացու հայր

«Էս ի՞նչ կարգ է, ասեցինք՝ խստացում, բայց ոչ թե ասեցինք՝ հել ժողովրդի գլխին խփի»,- այսօր Կառավարության շենքից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության աշխատակցի կողմից տուժած 3 անչափահաս երեխաների հոր՝ Սերգեյ Շաքարյանի հայրը։

Բանն այն է, որ Սերգեյը վերջերս ավտոմեքենան սխալ կայանելու համար նկատողություն է ստացել պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ընդունելով իր սխալը՝ ասել է, որ ընդամենը 5 րոպեով է կայանել, մարդ է սպասում, սակայն, ինչպես նրա ծնողները վստահեցրին լրագրողներին՝ պարեկները ծեծի են ենթարկել երիտասարդ տղամարդուն, ապա ցուցմունք տվել, ինչի հետևանքով երիտասարդին այսօր կալանավորելու որոշում է կայացվել։

Կառավարության շենքի առջև բողոքի դուրս եկած երիտասարդ տղամարդու հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունարանում իրեն փոխանցել են, որ խնդրի առնչությամբ Կառավարությունն ի վիճակի չէ որևէ բան անել․

«Ասացին՝ մեր կառավարությունը, մենք իրավունք չունենք դատական համակարգին․․․ Ես էլ իրեն ասացի՝ դուք իրավունք չունեք դատական համակարգին ստիպելու, դուք ունեք ոստիկանապետ, որը ենթարկվում է վարչապետին, թող ինքն իր ոստիկանապետին ասի՝ էս ի՞նչ ես անում, քո քննիչները, քո միլիցեքը, քո քյալամ հավաքող պարեկները, որ բերել գցել ես, որ հարցաքննում են, ասում է՝ քյալամ էի հավաքում, դրանից է ձեռքերս սենց եղել, դու բերել լցրել ես, որ ժողովրդին մի հատ սխալ կայանման համար կալանավորո՞ւմ ես․․․ Որ տուգանքն արժի 5000 դրամ, որ մեքենան տարել եք պլաշադկա՝ մենք 20000 դրամը մուծել ենք, հիմա էլ ուզում եք քրեական գործ հարուցե՞ք… Կառավարության ընդունարանի աշխատակիցն ասաց՝ մենք չենք կարա, Վճռաբեկ դատարան դիմեք: Վճռաբեկ ո՞ւմ դիմեմ, կամ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ի՞նչ գործ ունի նրանց հետ…  չես հասկանում՝ էս երկրում ի՞նչ է կատարվում, ոչ մեկը ոչ մեկի հետ գործ չունի։ Այսինքն՝ մի հատ դատավոր առանց քննություն անելու, կալանավորելու՝ որոշում կայացնի՞․․․

Ես ամեն տեղ կհասնեմ, վարչապետն այստեղ չի, բայց ամեն տեղ կհասնեմ, ես այս հարցը սենց չեմ թողնելու մնա, բոլոր նյութերը ցույց կտամ-կտարածեմ ու կապացուցեմ, որ ո՛չ ոստիկանապետ գոյություն ունի, ո՛չ վարչապետ, ո՛չ էլ երկիր․․․ Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ ասում են՝ քննություն է գնում, բայց այդ լակոտը մինչև հիմա ծառայում  է, նրա ծառայությունը չեն կանխել, այ հետաքրքիրը հենց դա՛ է, որ բեսպրեդել ա… Ես չեմ հասկանում՝ վարչապետն ի՞նչ է մտածում, կամ ոստիկանապետը ի՞նչ է մտածում, ես չեմ հասկանում։ Բա մի հատ 2-րդ գիծ կանգնելու համար բռնես դատես, տանես կոխես բե՞րդ…  երևի մեր վարչապետը մոռացել է, որ մեքենաների տակն էինք պառկում իրա ընտրություններին, ինչի՞ չէին տանում մեզ կոխեին բերդ․․․ Ես էս հարցը սենց չեմ թողնելու, ես իմ տղու նկարը, այ սենց, որ խփում է այս քյալամ հավաքող ոստիկանը, եթե նրան գործից չազատեն ու չդատեն, ես չգիտեմ՝ ինչ կանեմ էս կառավարությանն էլ, իշխանությանն էլ, երկրին էլ… Երկու անգամ դատ է եղել, երկու դատերին էլ ասել են, որ ոստիկանը մեղավոր է, բայց այդ ոստիկանը հիմա նորից ջահել երեխեքի կյանքերի հետ է խաղում, գործ է սարքում,  երևի ոստիկանապետի հետ գործ են անում կամ դատավորների, գործ են սարքում մարդկանց վրա ու գցում են էս օրին․․․»,- հայտարարեց զայրացած հայրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս