Ո՞ր դեպքում Սյունիքը կլիներ պաշտպանված. պարկեշտ նախարարն այս հարցին չպատասխանեց. Աղվան Վարդանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը հնչեցնելուց առաջ նախ ընթերցեց Սյունքիի կալանավորված համայնքապետերի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր բժիշկ Արմեն Չարչյանի և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի անունները ու հակիրճ ներկայացրեց նրանց անցած ճանապարհը: Բոլորն այսօր կալանավորված են.
«Արմեն Չարչյանը հազարավոր մարդկանց առողջություն է պարգևել, հարյուրավոր զինվորների վիրահատել, ԱԺ պատգամավոր է, Առուշ Առուշանյանին Գորիսը 2 անգամ քաղաքապետ է ընտրել, բանտում էլ է հաղթել, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես պատգամավոր են, Սյունիքի քաղաքապետեր են եղել, Մանվել Փարամազյան՝ Սյունիքից, Քաջարանի քաղաքապետ, Մենուա Հովսեփյան՝ Գորիսի փոխքաղաքապետ, Աշոտ Մինասյան՝ 3 պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար։ Պարզ հարց, ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ, եթե այս մարդիկ Սյունիքում՝ իրենց տեղում լինեի՞ն, թե՞ բանտում։ Պարզ հարցիս հստակ, պարզ պատասխան եմ ակնկալում Պաշտպանության պարկեշտ նախարարից»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, թե հարցին կպատասխանի պաշտպանության պարկեշտ նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանը նախքան հարցին պատասխանելն Աղվան Վարդանյանին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, ապա ասաց․
«Անկեղծ ասած, չգիտեմ՝ Պաշտպանության նախարարի ո՞ր իրավասության տիրույթում է գտնվում խոսել դատական պրոցեսի կամ դատաիրավական համակարգի կատարած աշխատանքի կամ դե յուրե իր անելիքն անելու մասով, թե խնդիրը ձեր որակավորման մասով որքանո՞վ է օբյեկտիվ, որոշում է դատարանը, դատական համակարգն իր որոշումները կընդունի, իսկ եթե դա հռետորական հարց է, ես հարցին կպատասխանեմ նույն կերպ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրաքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, այդ թվում նաև՝ քիչ թալաներ»։
Աղվան Վարդանյանը Սուրեն Պապիկյանի պատասխանին այսպես արձագանքեց․
«Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նույնիսկ այս պարզ հարցին չպատասխանեց, թե ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ։ Ցավում եմ․․․»։
Սուրեն Պապիկյանն էլ հակադարձեց, որ իր հնարավորությունների և պարտականությունների շրջանակներում պատրաստվում է անել ամեն ինչ Սյունիքն ավելի պաշտպանված դարձնելու համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում