Ձեր արտիստիզմն ու պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը հնչեցնելուց առաջ նախ մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը․

«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Այդ տրանսպորտային հաղորդակցությունը, որը երաշխավորում է ՀՀ-ն, դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ռուսական ФСБ ծառայությունը։ Հիմա հարց, սա ի՞նչ է, եթե ոչ՝ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք։ Առաջինը՝ Հայաստանը երաշխավորում է թշնամու անվտանգությունն այն պարագայում, երբ մինչև հիմա մեր քաղաքացիներին մեր սուվերեն պետությունից առևանգում, գերի են տանում, խոշտանգում ու սպանում։ Երկրորդ կոմպոնենտը՝ Հայաստան պետության հաշվին տրամադրվում է ճանապարհ, այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն է իրականացնելու երրորդ պետության անվտանգային ծառայությունը, սա ի՞նչ է, եթե ոչ՝ միջանցք։ Հարցն ուղղվում է բացառապես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, այդ թվում՝ հայտարարության 9-րդ կետի տակ ստորագրած անձնավորությանը»։

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ընդգծելով՝ ընդհանրապես հարց տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի, ինքը մեկնաբանում է տե՞քստը, թե՞ ինքը հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որն իրենց հանձնարարված է՝ որպես սեփական մեկնաբանություն հաղորդել․

«Նախ այդ կետը, եթե կարդում եք, գրված է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ФСБ-ն։ Դուք հիմա մեկնաբանում եք, ես ամենևին նման մեկնաբանություն չունեմ, մեր բոլոր մեկնաբանությունները երեկ մանրամասն ձևակերպված են Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հարցի էությունը ո՞րն է, դուք ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք, եթե ձեր ուզածը դա է, այլ խնդիր է․․․»։

Աննա Մկրտչյանը արձագանքելով Փաշինյանի խոսքին՝ ասաց, որ նրա պատասխանի մեջ ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ դիվանագիտական արձագանք չկար․

«Այդ տեսանկյունից գնահատելը շատ դժվար է, ուղղակի ասեմ, որ նախորդ դեպքերում արտիստիզմը ձեր մոտ գերակշռում էր, հիմա թե՛ արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան զրոյական է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս