Վախենամ՝ թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների. Փաշինյանի պատասխանը Խծաբերդում գերեվարումների մասին հարցին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթման մասին, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր և գերիներ ունեցավ: Պատգամավորն ընդգծեց՝ երբ տեղի ունեցավ այդ գործընթացը, նշված գյուղերը գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում որևէ ձևով չէր տեղավորվում։  Տիգրան Աբրահամյանը կոնկրետ հարցն ուղղեց   Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ մինչ օրս այդ գյուղերի վերադարձն օրակարգի հարց չի դառնում։

«Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ և նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան, և ես այսքանով իմ պատասխանը պետք է ամփոփեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Աբրահամյանը հակադարձելով Փաշինյանին՝ ասաց, որ կան նաև հարցեր, որոնք որևէ կապ չունեն գաղտնիության տարբեր էլեմենտների հետ․

«Այստեղ նախ կարևոր է հասկանանք, դուք՝ Կառավարությունը, ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարությունից դուրս, որպես քայլ, թե՞ օրինակ դուք համարում եք, որ դա տեղավորվում էր նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում»։

Աբրահամյանը նաև հավելեց, որ տպավորություն կա, որ փորձ է արվում տարբեր ցածր օղակների՝ զինվորականների վրա թեման բարդել և հիմնական պատասխանատվությունն այդ մարտական գործողություններում այդքան էլ մեծ դերակատարություն չունեցող անձանց վրա բարդել։

«Իրականում սխալ տպավորություն է, որովհետև այս թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է, և եթե մենք համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, հերոս նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի, եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է՝ մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․․․ Ամենևին խնդիր չկա թեման իջեցնել, որովհետև վախենամ՝ թեման առնչվում է շատ բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները  կոծկելու որևէ ցանկություն չունե՛մ, երբևէ չե՛մ ունեցել և, համոզված եղեք, երբևէ չեմ ունենա, բայց ես չէի ուզենա, որ այդ հարցերը շատ նեղ կոնտեքստում տեղավորվեն, այդտեղ շատ ավելի լայն կոնտեքստների հարց կա, բայց ոչինչ գաղտնի չի մնա, ամեն ինչ կիմացվի, և բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան իրենց պատասխանները»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս