Հարցաքննվե՞լ է արդյոք Վահան Շիրխանյանը շորթում կազմակերպելու գործով
Նոյեմբերի 24-ին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ստեփանակերտի Ցորի զորամասի՝ Արցախյան վերջին պատերազմում 2020թ. հոկտեմբերի 10-ից 21 անհետ կորած զինծառայողներից Հայկ Մելիքյանի մայրը, ում որդու կմախքը նրան էին հանձնել օրեր առաջ, իսկ հոգեհանգիստը երեկ էր, մի սարսափելի բացահայտում արեց:
Պարզվում է՝ մինչ որդեկորույս մայրը ամենուր որդուն կամ նրա մարմինն է փնտրում, գտնվում են բարոյական բոլոր սահմաններն անցած մարդիկ, ովքեր փորձում են մարդու վշտի վրա գումար աշխատել:
«Վահան Շիրխանյանի նման ճիվաղը եկավ ինձ մոտ և ասաց, որ ունի լավ տղաներ, և ամեն ինչ կանեն, որ իմ որդու ճակատագիրը պարզեն, ծանոթացրեց մեկի հետ, որն ասում էր, որ գնում է Սիրիա, Լիբանան, Չեչնիա, որպեսզի իմ երեխայի ճակատագիրը պարզի՝ իհարկե, իմ գումարի դիմաց, և երբ վերադառնում է, ասում է, որ իմ երեխան գտնվում է Բաքվի Շուբանի կոչված բանտում, ոտքից վիրավոր է և քայլում է կաղալով։ Այդ մարդուն դատապարտելու են, ու իր նմանները հայ կոչվելու իրավունք չունեն»,- ասել էր հայրենիքի համար նահատակված Հայկ Մելիքյանի մայրը:
Այսօր Հայկ Մելիքյանի և ևս 8 անմահ հրետանավորների հուղարկավորությունն է:
168.am-ը երեկ դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն՝ փորձելով պարզել՝ կա՞ արդյոք հարուցված քրեական գործ շորթման այս դեպքով, ովքե՞ր են ֆիգուրանտները, ի՞նչ դատավարական կարգավիճակ ունեն, և, որ ամենակարևորն է, շորթում կազմակերպելու կասկածանքով հարցաքննվե՞լ է արդյոք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Դատախազությունից այսօր մեզ պատասխանեցին, որ մեր դիմումը, ինչպես նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նույնաբովանդակ գրառումն ուսումնասիրվում են:
Ուսումնասիրության արդյունքներին կանդրադառնանք հաջորդիվ: