Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ

Այսօր Վահան Զարոյան անուն-ազգանունով անձը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին նշանակվեց Գեղարքունիքի փոխմարզպետ։ Այն, որ այս իշխանությունների կադրային բանկը ողբերգականորեն դատարկ է, թերևս, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց որ կրկին փոխմարզպետի պաշտոնում կնշանակվի մեկը, ով ժամանակին նույն պաշտոնից ազատվել էր կոռուպցիոն թեմաների մեջ թաթախված լինելու համար, վեր է երևակայությունից։

Այն, որ փոխմարզպետի պաշտոնում է նշանակվում մի անձ, ով դեռ պաշտոնյա ժամանակ ամենաայլանդակ հայհոյանքներն էր գրում սոցցանցերում, արդեն ախտորոշում է և խոսում է այս իշխանության արժեքային նվաստագույն համակարգի մասին։

Նույն այս անձնավորությունն իրեն իրավունք էր վերապահում գնահատական ու որակումներ տալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն ու հրապարակային հայտարարություններին, անվանարկում նրան, կոչ անում հրաժարականի դիմում ներկայացնել, և սա՝ այն դեպքում, երբ այս մարդը հանդիսանում էր Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնատար անձ։

Դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլն անդրադարձել էր Վահան Զարոյանին, ով տեղ էր գտել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ի (ՔՊ) նախընտրական ցուցակում։

Ըստ ԶԼՄ հրապարակումների` 2019 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցույց իրականացնողների մեջ է եղել նաև Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Վահան Զարոյանը, ով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր տվյալ պաշտոնում, իսկ արդեն 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ազատվել էր աշխատանքից: Զարմանալի է, բայց նա ընդամենը 5 ամիս է պաշտոնին մնում։ Պարզվում է, սակայն, որ դա ուներ պատճառ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչի համար էլ Փաշինյանը հեռացրել է նրան զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, ապա քրեական գործը կարճվում է համաներման հիմքով։ Հավանաբար, հենց իմքայլական լինելու հիմքով, քանի որ թիմի անդամներին հանցագործություններ ներելը սովորական երևույթ է այս իշխանությունների համար։ Ու հիմա կրկին, փաստորեն, այս որակների տեր մարդն ու պաշտոնյան կրկին նշանակվում է հսկայական ու բավականին խնդրահարույց մարզի փոխմարզպետ։

Տեսանյութեր

Լրահոս