«Այս պահին օրակարգում նման հարց չունենք»․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու մասին

«Անկեղծ ասած, ինքս նման ձևակերպմամբ լուր չեմ հայտնաբերել»,- Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե օրերս Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում ռուսական դպրոցների բացմամբ։

«Այդտեղ մի քիչ ուրիշ ձև է գնում, որևէ տեղ ես չեմ հայտնաբերել, որ ՀՀ կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես՝ արտգործնախարարը, ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է նոր ռուսական դպրոցներ բացել։ Ես նման լուր չեմ կարդացել ուղղակի․․․ Նախարարությունը և ես պարոն Լավրովի հետ որևէ շփում չենք ունեցել»։

Լրագրողները մեջբերեցին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից մի հատված․

«Տաջիկստանում ռուսաց լեզվի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում բացվելու է 5 դպրոց, նման ծրագրեր հիմա պատրաստվում են Ուզբեկստանի համար, և վերջին ժամանակներում ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՀՀ նոր ղեկավարությունը»։

Դումանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքն այդպիսի հայտարարություն չի լսել, ապա հավելեց․

«Այս պահին օրակարգում չկա, վստահ եղեք, այս պահին նման հարց օրակարգում չունենք»։

Դիտարկմանը, որ պարբերաբար մեսիջներ են հնչում, որ ռուսաց լեզվի մակարդակը Հայաստանում ցածր է, նախարարն ասաց՝ գուցե այդ պնդումն անհիմն չէ, և, որ Կառավարությունը «հետաքրքրված է օտար լեզուների պոպուլյարիզացիայով»․

«Կարծում ենք, որ ինչքան մենք շատ օտար լեզուներ, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ռուսաց լեզվի հետ կապված պոպուլյարիզացիայի խնդիր…  այո՛, դա կարևորում ենք, և որքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի ճկուն կլինենք, ավելի ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք, ի վերջո, հո մենք կաղապարված չե՞նք մեր սահմաններով, մենք 21-րդ դարում շփումների կարիք ունենք և անհրաժեշտություն, և լեզու իմանալը մեզ միայն ավելի հնարավորություններ է տալիս, հատկապե՛ս մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս