Ո՞րն է եղել նախկին և ներկա մարզպետների` հայհոյախառն վիճաբանության պատճառը

Լրատվամիջոցները գրել էին, որ երեկ երեկոյան, Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզ էր դարձել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը, պարտություն է կրել, իրենց շտաբում Շիրակի նախկին և ներկայիս մարզպետներ Կարեն Սարուխանյանն ու Հովհաննես Հարությունյանը հարձակվել են միմյանց վրա` փորձելով իրար վրա բարդել պարտության մեղքը։

Գյումրու 168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ նրանց վիճաբանությանը, որն ուղեկցվել է խայտառակ հայհոյանքներով, գոռոցներով, ներկա են գտնվել բազմաթիվ մարդիկ։

Կարեն Սարուխանյանն ու Հովհաննես Հարությունյանը պարտության մեջ մեղադրել են միմյանց։

Մեր տեղեկություններով` Կարեն Սարուխանյանը Հովհաննես Հարությունյանին մեղադրել է վատ աշխատելու, թիմային աշխատանք տանել չկարողանալու  մեջ, իսկ վերջինս էլ ամեն ինչում մեղադրել է նախկին մարզպետին՝ ասելով, որ նա իր թիկունքում է գործել, ամեն ինչ արել է, որ ինքը թուլանա։ Գործող մարզպետը Կարեն Սարուխանյանին մեղադրել է ֆեյք կուսակցություն հիմնելու ու ըստ այդմ նրանց միջոցով ևս իրենից ձայներ տանելու մեջ։

Մեզ ասացին, որ այդ թոհուբոհից հետո հանկարծ հայտնվում է Համլետ Մուսինյան անունով ՔՊ-ական գործիչը, ով, բացի նրանից, որ վերջին ժամանակներս ապրում է Գյումրիում, առհասարակ որևէ կապ չունի Շիրակի մարզի հետ, Լոռու մարզի Օձուն գյուղից է, և շատ արագ պահանջում է մարզպետի հրաժարականը։

Հովհաննես Հարությունյանն ու իր թիմը այս ու այնտեղ հայտարարում են, որ այդ հայտարարության հետևում կանգնած է ոչ այլ ոք, քան Կարեն Սարուխանյանը։

Ուշագրավ է, որ մեզ ասացին` հենց Կարեն Սարուխանյանի մտերիմներն են ուզում անվստահություն հայտնել մարզպետի նկատմամբ վերջերս ձևավորված քաղաքային խորհրդի միջոցով, որը հիմնականում Կարեն Սարուխանյանի մտերիմներով է համալրված։

Ի դեպ, 168.am-ը անդրադարձել էր Գյումրու ՔՊ-ի քաղաքային խորհրդի ձևավորմանն ու նրա կազմին։

Տեսանյութեր

Լրահոս