«Ի՞նչ գիտենք մենք Նիկոլ Փաշինյան և Վլադիմիր Պուտին հանդիպումից․ ոչի՛նչ»․ Աննա Մկրտչյան

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզում գտնվող Փելա սարը հանձնվել է ադրբեջանցիներին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարց ուղղեցին, թե արդյոք որևէ տեղեկության տիրապետո՞ւմ է թեմայի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ինֆորմացիային տիրապետելը շատ մեծ խնդիր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների։

«Արդեն 1 ամիս է անցել, երբ 2 ընդդիմադիր խմբակցություններ, ինչպես ուզում եք, ձևակերպեք՝ խնդրանք, պահանջ, հորդոր, առաջարկ են հնչեցրել Ազգային ժողովում, լսելու ԱԱԾ տնօրենին, ԱԳ նախարարին, Պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, և որևէ մեկն այս պահի դրությամբ չի եկել՝ մեզ անգամ փորձելու բացատրել, թե ի՞նչ է կատարվում Սյունիքում։ Սա գոնե նվազագույնը հիմնավոր կասկած տալի՞ս է ենթադրելու, որ այս մարդկանց ուղղակի արգելված է շփվել ընդդիմության հետ։ Այսինքն՝ նույնիսկ պատգամավորները, ովքեր ունեն  պետական գաղտնիքին տիրապետելու որոշակի աստիճանի թույլտվություն, իրենք այս աստիճանի թույլտվության տեղեկատվությունն անգամ խորշում են մեզ տրամադրելուց։ Հրահանգ ունեն՝ որևէ կերպ ոչինչ չմեկնաբանել, մեզ համար պարզ չդարձնել այն իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության շուրջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը»

Մկրտչյանը խնդիրը դիտարկելով միջազգային բանակցությունների տեսանկյունից, հռետորական հարց տվեց՝ ի՞նչ գիտենք մենք Նիկոլ Փաշինյան և Վլադիմիր Պուտին հանդիպումից․

«Գիտենք ոչի՛նչ, որովհետև մեզ Նիկոլ Փաշինյանը մեզ ոչինչ չի ասել։ Կա՞ ինչ-որ քննարկման բովանդակային անդրադարձ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է քծնել, ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքը այստեղ խոչընդոտ չէ, ամեն ինչ կանի այնպես, ինչպես իրեն կհրամայեն․․․ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե այս ամեն ինչի շրջանակներում կա՞ պաշտոնական լրահոս, որն ինձ հնարավորություն կտա հասկանալ, թե ՀՀ-ում այդ ծանր պատերազմական իրավիճակից հետո, Արցախի 75% կորստից հետո, սահմանային խնդիրներից հետո, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում այդ խնդրներից հետո կա՞ ինչ-որ մի օրակարգ, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է Պուտինի հետ, կա՞ն ինչ-որ պայմանավորվածություններ։

Պատգամավորն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը, որ անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում չէր խորշում և ՀՀ ներքին լսարանի համար տարբեր բնույթի և բովանդակության գրառումներ էր կատարում, այսօր լռում է․

«Այդ անձնավորության ֆեյսբուքյան էջը լռում է, ոչ մի մեկնաբանություն մեզ չի տալիս։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ մի լավ բան էլ չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն անգամ այն ամենափոքրիկ լավատեսությունը կարողանում էր մանիպուլյացիայի մի մեծ շղարշով ծածկել և ներկայացնել բացառիկ հաջողություն․․․»։

 

Տեսանյութեր

Լրահոս