«Այս մարդիկ բոլոր հնարավոր ձևերով մեզ նախապատրաստում են հնարավոր զիջումների»․ Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության  իշխանությունն  այսօր որևէ արձագանք, որևէ պատասխան չի տվել Ալիևի հայտարարություններին։

«Ալիևին պատասխանում է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը, եթե չլինի Սերժ Սարգսյանի արձագանքը և Սերժ Սարգսյանի հակադարձումները, ապա տպավորություն է, որ այսօրվա իշխանությունները համաձայն են, օրինակ՝ Ալիևի այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն չէ, բանակ ունենալու իրավունք չունի, մենք անիմաստ տարածքային խնդիրներ ունենք մեր բոլոր հարևանների հետ, այն պնդումները, որ մենք այլևս պետք է Սահմանադրություն փոխենք, պարտադրանքը, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը մեր հանդեպ, ըստ իրենց ձևակերպումների՝ ավելի բարիդրացիական հարաբերությունների մեջ լինեն․․․ Թույլ տվեք կասկած հայտնել առ այն, որ դա պատահականություն չէ։

Ալիևը հայտարարում է նրա մասին, որ մենք պետք է ինչ-որ սահմանադրական պրոցեսներ սկսենք, դրանից հետո այստեղ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված և հազիվ նախարարի աթոռը տեսած անձնավորությունը տարբեր շրջանակների հետ փորձում է սահմանադրական փոփոխություններ քննարկել․․․ Այդ սահմանադրության մեջ ի՞նչ պետք է գրեք, որ կարողանա ապահովել մեր տարածքային ամբողջականությունը, այդ Սահմանադրության մեջ ի՞նչն այնպես գրված չէ մեր անվտանգային համակարգի հետ կապված, որ այսօր Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս կրակել և ՀՀ սուվերեն պետությունից դուրս շպրտել ադրբեջանցիներին: Սահմանադրության ո՞ր դրույթն է խանգարում, որ ՀՀ միջպետական ճանապարհը փակված լինելը Նիկոլը կարողանում է ուղղակի արդարացնի, ասի՝ սահմանային միջադեպ է։ Սա սահմանային միջադեպ չէ՛, դա Հայաստանի Հանրապետությունը փաստացի բաժանելու, Սյունիքից մեկուսացնելու հերթական ծրագրի մի մասն  է, որը ՀՀ-ի համար կործանարար է լինելու»։

Պատգամավորի պնդմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը կարողացավ մոռացության մատնել Արցախը, հիմա պատրաստվում են մեկ այլ փաստաթղթի, որը մոռացության կտա Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգ կոչված գաղափարը։

«Մեզ հիմա ուզում են սովորեցնել, որ Հայաստանը կարող է գոյություն ունենալ, թե ինչ կարգավիճակով՝ դա դեռ հարցական է, բայց կարող է գոյություն ուեննալ առանց անվտանգության, առանց անվտանգային համակարգի, ինչն էլ ըստ էության պնդում է Ալիևը։ Սա խայտառակություն է, անհնար է, որ ՀՀ ղեկավարի ուղղակի և անուղղակի խոսքը համընկնի Ալիևի ուղղակի խոսքի հետ․․․ Մեզ վարժեցնում են այն մտքին, որ ինքնիշխան պետության գաղափարն ինքնանպատակ չէ, և առանց ինքնիշխան պետության գաղափարի էլ կարելի է ապրել։ Այս մարդիկ, ինչպես որ սկզբից համարում էին՝ զինվորի մահը ոչնչի համար է, հիմա փորձում են մեզ ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունում՝ ինքնիշխան պետությունում ապրելն ինքնանպատակ չի հանդիսանում։ Այս մարդիկ բոլոր հնարավոր ձևերով մեզ նախապատրաստում են հնարավոր զիջումների»։

Տեսանյութեր

Լրահոս