«Եթե վարչապետի աթոռին նստած անձնավորության արտահայտությունները վնասում են ՀՀ բանակցային դիրքերին, ի՞նչ գործ ունի այդ մարդն այստեղ»․ Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ մինչ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում փորձում է ապացուցել Ադրբեջանի  գործած բազմաթիվ հանցագործությունների փաստը, ինչպես պատերազմական, այնպես էլ՝ էթնիկ քրեաիրավական որակումների ենթակա արարքները, ադրբեջանական կողմն ամեն անգամ մեջբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․

«Երբ մենք խոսում էինք տարածքային ամբողջակականության մասին, ՀՀ սուվերեն պետության տարածքի խախտման մասին, իրենք մեջբերում էին Նիկոլի խոսքերը, երբ մենք խոսում էինք, որ՝ դուք նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարտավորվել եք անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին, իրենք մեր ներկայացուցչին էլի  պատասխանում էին Նիկոլի խոսքերով՝ ասելով, թե ինքն ասել է, որ պետք է քարտեզները տա, հետո նոր վերադարձնենք գերիներին։ Այդ ո՞ր քարտեզների մասին է խոսքը, եթե նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ որևէ քարտեզի մասին խոսք չի գնում, այլ խոսք է գնում բոլոր գերիներին անհապաղ վերադարձի մասին․․․ Հայաստանի Հանրապետության 30 անկախ տարիների պատմության ընթացքում որևէ անգամ ադրբեջանական ներկայացուցիչները կարողացե՞լ են հայկական կողմին հակադարձել հայկական ղեկավարության բառերով, երբե՛ք, սա առաջին դեպքն է, երբ միջազգային ատյաններում ներկայացնելով մեր բազմահատոր ապացույցները՝ դրանց դիմաց ստանում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը․․․

Երբ Նիկոլը կառավարության նիստին նստած հայտարարում է ադրբեջանական տեղանուններ, հիմք է ստեղծում Ադրբեջանին մեզ հակադարձելու համար։ Երբ մեջբերում է ինչ-որ քարտեզներ, որոնց հետո նույն խոսքի ընթացքում փորձում է դրանց գոյությունն ընդհանրապես հերքել, էլի փաստակազմ է ստեղծում Ալիևի համար։ Այս անձնավորության գոյության յուրաքանչյուր օր մեզ ավելի վատթար վիճակի մեջ է դնում ոչ միայն մեր ներքաղաքական իրականությունում, այլև արտաքին քաղաքական իրականությունում․․․»։

Աննա Մկրտչյանի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանին դավաճան են անվանում, տպավորություն է, թե դա քաղաքական բնորոշում է, սակայն դա հիմնավոր կասկած է, ինչն այսօրվա իրավապահ մարմինները ստուգելու փորձ չեն անում․

«Ես կփորձեմ բոլոր այն հաղորդագրությունները, որոնք հրապարակվում են մեր իրավապահ մարմինների կողմից, գոնե փորձել վերաբերվել դրանց ավելի լրջությամբ և հարգանքով, երբ լսեմ գոնե մեկ հաղորդագրություն այն մասին, որ գոնե քննություն, թե ո՞նց է ստացվում, որ ամեն անգամ ադրբեջանական կողմը մեզ հակադարձում է Նիկոլի արած արտահայտություններով։ Եթե ՀՀ վարչապետի աթոռին նստած անձնավորության արտահայտությունները, դրանք լինեն դիտավորություն թե անզգուշություն, հետո քննությունը կպարզի, վնասում են ՀՀ բանակցային դիրքերին, ի՞նչ գործ ունի այդ մարդն այստեղ, և ի՞նչ են անում մեր իրավապահները, եթե օր առաջ իրեն չեն հարցնում՝ այս ի՞նչ ես անում, այս ի՞նչ արտահայտություններ ես դու քեզ թույլ տալիս․․․»։

Տեսանյութեր

Լրահոս