«Եզդի համայնքի ներկայացուցչի տունն է այրվածը»․ Երասխի բնակիչ

«Թշնամին ամեն օր էլ կրակում է գյուղի ուղղությամբ, այսօր ժամը 11-ից հետո կրակոցներն ավելի ակտիվացան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչներից մի տղամարդ։

Նրա խոսքով՝ թշնամին այս անգամ թիրախային կրակ էր բացել գյուղացիներից մեկի տան վրա․

«Այս տունը գյուղի ներքևի հատվածում է, եզդի համայնքի ներկայացուցչի տունն է։ Տանջվել, աշխատել, մի քանի 1000 տուկ խոտ էր հավաքել, հրդեհից ամբողջն այրվել է․․․ Էլի եմ ասում, այդպիսի օր չկա, որ Երասխում կրակոցներ չլինեն, գիշեր-ցերեկ կրակում են, թե այս իշխանություններն ի՞նչ են մտածում, չգիտենք․․․»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Միջադեպին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․

«Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել է Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի:

Ավելին, կրակը տարածվել է, և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի»:

Թաթոյանը շեշտել է՝ պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»:

Տեսանյութեր

Լրահոս