Պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության բանաձևեր. Էլինար Վարդանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ընդգծեց, որ բոլոր այն խնդիրները, որոնք վերհանվել էին մի քանի ամիս առաջ, ավելի են խորացել և, ըստ էության, նոր լուծումներ, նոր մեխանիզմներ գտնելու հրամայական են առաջադրել:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ներքին կյանքում նույն մթնոլորտը շարունակվում է՝ քրեական գործեր, ապօրինի կալանքներ, սպառնալիքներ․
«Շարունակվում է պետական տեռորն ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերի հանդեպ, և գիտենք, որ անարդարաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամավորներ: Ընդդիմադիր պատգամավորներ կան, որոնք խնդիր ունեն Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ, նույնիսկ այն պարագայում, որ նրանք հանդիսանում են խորհրդարանական պատվիրակությունների անդամներ։ Արդեն մի քանի ամիս է՝ չի գործում նաև դատական էլեկտրոնային մակագրման համակարգը: Ըստ էության, մակագրումը տեղի է ունենում կամայականորեն, շատ հաճախ ականատես ենք լինում, որ գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»։
Էլինար Վարդանյանը նկատում է՝ լուրջ հետընթաց է ապրում նաև խոսքի ազատությունը․ հետևողականորեն խոչընդոտներ են ստեղծվում լրատվամիջոցների համար.
«Գիտեք, որ քրեականացվեց վիրավորանքը, և դա իսկապես լուրջ ահազանգ է խոսքի ազատության տեսակետից: Սահմանափակվում է հավաքների ազատությունը և ցանկացած հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի: Սա ժողովրդավարական արժեքների համար լուրջ մարտահրավեր է: Գիտեք, որ խոսքի ազատության սահմանափակման առումով մտահոգություն է հայտնել նաև Freedom House-ը, որը կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը․․․ Խնդիրներ ունենք նաև ոստիկանության հետ, ընդամենը 1-2 օր առաջ ականատաես եղանք, թե ինչպես է ոստիկանությունը խախտում երեխաների իրավունքները և երեխաների ներկայությամբ բռնի ուժ կիրառելով բերման ենթարկում նրանց հորը։ Մտահոգիչ իրավիճակ է նաև COVID համավարակի պատվաստման առումով, որովհետև իշխանությունն ըստ էության չի կարողանում իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանրության մոտ վստահություն ստեղծելու և այդ խնդիրը կարգավորելու համար, և մթնոլորտը գնալով դառնում է պայթյունավտանգ, ու մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև»։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ առաջնահերթ են արտաքին մարտահրավերները, բայց պակաս կարևոր չէ հենց ներքին մարտահրավերներին ու խնդիրներին անդրադարձ կատարելը։
«Երեկվա անքուն գիշերը, երբ բոլորը սպասում էին Արցախի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության, թեև պետք է փաստենք, որ այդ պաշտոնական տեղեկատվությանն այնքան էլ չեն վստահում: Բայց երեկվա անքուն գիշերը ևս մեկ անգամ փաստում է, որ առաջնայինն անվտանգության խնդիրն է, բայց ներքին մարտահրավերներն անտեսել ևս չենք կարող, ուստի դա է նաև պատճառը, որ այսօրվա քննարկման ընթացքում հիմնական անդրադարձը կատարելու ենք հենց ներքին մարտահրավերներին։ Մենք մնում ենք մեր տեսակետին, որ պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր ու պետք է գտնենք հանրության կոնսոլիդացիայի բանաձև»,- եզրափակեց Էլինար Վարդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում