«Սա Գյումրու, գյումրեցու ընտրությունն է, իսկ գյումրեցին հստակ կարողանում է ճանաչել և գնահատել յուրաքանչյուրին և իր արածով, և չարածով». «Թասիբով» դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյան
Հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում է նաև «Թասիբով» դաշինքը:
168.am-ը զրուցել է դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանի հետ:
– Ձեր դաշինքի անվան ընտրությունը ո՞ւմ գաղափարն է, և առհասարակ ի՞նչ մեսիջներ է այն պարունակում:
– Քանի որ Գյումրին միշտ հայտնի է եղել՝ որպես թասիբով մարդկանց քաղաք, և հիմա, երբ միգուցե շատերիս մոտ էր այդ թասիբը պակասել, որոշեցինք այդ թասիբը նորից արթնացնել մարդկանց մոտ: Առհասարակ մենք նախապես տրամադրվածություն չունեինք Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող քաղաքապետը հեռացել էր, ու նաև օրվա իշխանությունը խնդիր ունի Գյումրին դարձնել սորոսական, ոչ ավանդական հայկական քաղաք, մենք որոշեցինք մասնակցել ընտրություններին ու դա անել թասիբով մարդկանց հետ: Այս ընտրություններն իսկապես մեզ համար խրամատ են, սա մեր մշակութային սահմանն է, ինչը շատ պարտադիր է ամուր պահել անվտանգության սահմանը կորցնելուց հետո: Մեր խնդիրն է՝ Գյումրին սարքել այնպիսի մշակութային, հոգևոր քաղաք, որ յուրաքանչյուրը, ով կայցելի Գյումրի, այստեղից հնարավորինս շատ մշակույթ ու պատմություն տանի:
– Ովքե՞ր են ընդգրկված ձեր դաշինքի կազմում, ի՞նչ մասնագիտությունների տեր մարդիկ: Ունե՞ն նրանք արդյոք ճանաչվածություն Գյումրիում:
– Մեր ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր կայացած են իրենց ոլորտներում: Մենք ունենք ծրագրավորողներ, իրավաբաններ, լրագրողներ, արվեստագետներ, ինժեներներ, գործարարներ: Ավելին, մեր ցուցակը միակն է, որի կազմում ընդգրկված են Արցախյան վերջին, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած անձինք: Մեր ցուցակում է նաև Գյումրիի միակ զինագործը: Միակն ենք, ում ցուցակում ընդգրկված է հաշմանդամություն ունեցող անձ, որը շատ լավ տիրապետում է Գյումրիում հաշմանդամություն ունեցողների խնդիրներին, և, բնականաբար, ապագայում ավագանում կամ գործադիրի կազմում կարող է աշխատել հենց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ուղղությամբ: Մեր ցուցակի կազմում հիմնականում երիտասարդներ են:
– Իշխանությունները ըստ էության կկիրառեն ողջ վարչական ռեսուրսը, հիմա էլ տեսնում ենք, որ պատգամավորները լծված են ՔՊ-ի քարոզարշավին: Հնարավո՞ր է դիմադրել այդ ռեսուրսի դեմ, ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել ու ձեզ համար գոհացուցիչ արդյունք ապահովել Գյումրիում:
– Թե ես, թե մեր թիմի մյուս անդամները քաղաքական և առհասարակ կենսագրություն ունեցող մարդիկ են, որոնց Գյումրիում շատերն են ճանաչում: Մենք ոչ թե այս քարոզարշավային մի քանի օրերի ընթացքում մեզ պետք է ցույց տանք, այլ մենք մեր գործով ու ապրած կյանքով ապացուցել ենք, թե ովքեր ենք մենք, ի տարբերություն իշխանական թեկնածուի: Այսօր մի խելացի կին խանութում մեզ ասում է՝ իշխանություններին ասեք՝ այսքան նկարներ տպագրելու ու փակցնելու գումարը թող ուղարկեին դիրքեր, որ մեր զինվորները ոչ թե պատռած վրաններում քնեն, այլ քիչ-շատ բարվոք պայմաններում: Սրանով գյումրեցիները հստակ իրենց վերաբերմունքն արտահայտեցին իշխանությունների նկատմամբ՝ ակնարկելով, որ ըստ էության իշխանության ներկայացուցիչն այնքան ճանաչված չէ Գյումրիում, որ հազար նկար ես փակցրել քաղաքում, բայց դա էլ քեզ չի օգնելու:
Մենք, այս ամենը հաշվի առնելով, այնքան էլ շատ խնդիրներ չենք տեսնում: Անկախ նրանից, թե ինչ է ցանկանում իշխանությունը, սրանք համապետական ընտրություններ չեն, Նիկոլի, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի միջև ընտրություն չէ, սա Գյումրու ընտրությունն է, գյումրեցու ընտրությունն է, իսկ գյումրեցին հստակ կարողանում է ճանաչել և գնահատել յուրաքանչյուրին՝ և իր արածով, և չարածով:
Իշխանությունները հոկտեմբերի 12-ին, արհամարհելով օրենքի պահանջը, Գյումրիում նշանակեցին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց իրենք նույնիսկ չեն հասկանում, որ Գյումրիի կառավարումն իրականացնում է ավագանին, և պաշտոնակատար նշանակելու դեպքում ավագանիում 33 պաշտոնակատար պետք է նշանակեին: Սա հստակ ցույց տվեց, որ իշխանությունն արհամարհում է գյումրեցի ընտրողներին՝ արհամարհելով գյումրեցիների ընտրությունը, ինչը շատ վատ անդրադարձավ իշխանությունների նկատմամբ գյումրեցու վստահության վրա:
– Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ովքե՞ր, ըստ ձեզ, կհամագործակցեն իշխանությունների հետ: Եվ ո՞ր ուժի կամ ուժերի հետ դուք կհամագործակցեք:
– Այս պահին գրեթե բոլորը խաղում են իշխանության խաղի կանոններով: Միայն այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչը, պատկերացում չունենալով խնդիրների մասին ու չունենալով ընդունակություն դրանց մասին խոսելու համար, Գյումրիում ոչ մի տեսակի բանավեճ տեղի չունեցավ: Ավելին, քարոզարշավի սկզբում մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ ցանկացած քաղաքական ուժ հստակեցնի՝ ինքն ուր է գնում, ինչ նպատակներ ունի, և արդյո՞ք իրենք դեմ են իշխող քաղաքական ուժին, բայց ոչ մի քաղաքական ուժի կողմից արձագանք չստացանք:
Ստեղծված իրավիճակում ես չեմ կարող ասել, թե որ ուժի հետ կարող է լինել համագործակցություն, որովհետև չեմ էլ պատկերացնում՝ որ ուժը կարող է անցնել, քանի որ բավականին բարդ ու անակնկալներով լի ընտրություններ են լինելու: Ընտրվելուց հետո կհասկանանք՝ ում հետ ենք առհասարակ աշխատելու: Այս քարոզարշավի ընթացքում մենք առհասարակ հրաժարվել ենք որևէ քաղաքական ուժի աջակցությունը ստանալուց: Մեզ համար սա մեր տան կռիվն է, և մեր տունը մենք ենք պահելու, ու չենք էլ ուզում որևէ քաղաքական ուժի պարտական լինել:
– Ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները:
– Օրական տարբեր զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում՝ աջակցության խոսքերով: Բացի դրանից, դատելով այն հանգամանքից, թե ինչքան է իշխանության թեկնածուն մեզնից վախենում, որ ընդամենը սուրճի սեղանի շուրջ, առանց լրագրողների հետ զրուցելու մեր առաջարկը ինքը դարձրեց մի սարսափելի ահաբեկչական գործ ու դիմեց ոստիկանություն: Սա խոսում է մեր՝ ուժեղ, ու իշխանության թեկնածուի՝ թույլ լինելու մասին: Ինչպե՞ս կարող ես մարդուն սուրճի հրավիրել, ու նա դրա համար դիմի ոստիկանություն, ու քեզ ոստիկանությունից խնդրեն հնարավորինս հեռու մնալ իշխանական թեկնածուից:
– Քաղաքի զարգացման ծրագիր, բնականաբար, ունեք: Որո՞նք են լինելու քաղաքապետի պաշտոնում ձեր առաջին գործողությունները կամ քայլերը:
– Բնականաբար, մենք ունենք բավականին լավ ծրագրային հայեցակարգ: Քաղաքապետ ընտրվելուց հետո առաջին բանը, որ անելու ենք հենց առաջին շաբաթվա ընթացքում, քաղաքապետարանում ռեսուրս-կենտրոնի ստեղծումն է, որը կհավաքագրի Գյումրիում ու Գյումրիից դուրս ապրող գյումրեցիների ռեսուրսը՝ հնարավորինս արագ Գյումրին ավելի հրապուրիչ դարձնելու յուրաքանչյուրի համար:
Հաջորդ գործը լինելու է դպրոցական ավտոբուսների անվճար տրամադրումը, ինչը խնդիր է քաղաքի համար: Կոնկրետ ժամանակացույցով աշխատելու են ավտոբուսներ, որոնք շատ ապահով և, կարևորը, հիգիենիկ պայմաններով երեխաներին պետք է տեղափոխեն դպրոցներ ու դպրոցներից՝ տուն:
Ծրագրեր ունենք նաև՝ կապված բազմազավակ ընտանիքների, անվտանգության հետ՝ մասնավորապես ապաստարանների ստեղծումն ու կահավորումը նկատի ունենալով, քանի որ պատերազմող երկիր ենք, ու ցանկացած պահի կարող է ինչ-որ աղետ լինել:
Մենք մեր առաջ դրել ենք նաև Գյումրու արևային էներգիայի մարտկոցների խնդիրը: Համայնքային հիմնարկների և բազմաբնակարանային շենքերում հնարավորինս շատ այդ պանելներից պետք է տեղադրենք, ինչը հնարավորություն կտա և բավականաչափ գումարներ խնայել, և բնակիչների ու հիմնարկների ծախսերը կրճատել:
Ունենք ծրագրեր, որոնց կատարումը կբերի բիզնեսի խթանմանն ու ներդրողների աճին: Խնդիր ունենք կանոնակարգելու նաև քաղաքի երթևեկությունը, ավտոկայանատեղիների հարցը լուծելու: Կարևորելու ենք նաև մշակութային միջոցառումների խնդիրը, ցանկանում ենք՝ դրանք շատ լինեն, քանի որ հիմա մեր կյանքում դրա պակասը շատ կա, ու պետք է մարդկանց հոգիները մշակույթով լցնել ու բարիացնել: