Մանկահասակ երեխաների աչքի առջև հոր նկատմամբ բռնի ուժ կիրառելով բերման ենթարկելու դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով մի տղամարդու բերման ենթարկում։
Բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները տղամարդուն պառկեցնում են գետնին, իսկ նրանցից մեկը հրահանգում է․
«Պառկացրեք, կոխեք ավտոն, նա․․․ (հայհոյում է.- խմբ.), ծալի թևերը․․․»։
Արա Զոհրաբյանը այս տեսանյութին կից ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ բերման ենթարկվող տղամարդու մանկահասակ երեխաները հոր հետևից լաց են լինում, գոռում՝ պապա։
168.am-ը միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին․
«Ոստիկանության պետի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա նշանակված է ծառայողական քննություն»։
Իսկ թե միջադեպը ե՞րբ, որտե՞ղ և ինչի՞ց է առաջացել, ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ միջադեպի մասով այլ մանրամասներ չեն կարող հայտնել։