Աշխատակցի բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու՝ որպես ամենամյա արձակուրդ, և չի համարվելու ստաժ․ փոխնախարար

«Առողջապահության նախարարի հրամանով նախատեսվում է, որպեսզի գործատուները աշխատողներից պահանջեն 14 օրը մեկ կատարված թեստավորման բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա խոսքով՝ այս կարգավորումը մշակվել և հաստատվել է միջազգային փորձի հիման վրա․

«Օրինակ, նման կարգավորում հոկտեմբերի 15-ից կիրառում է Իտալիան, և փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները միանշանակ ունեն իրենց արդյունավետությունը, և հույս ունենք, որ այս միջոցառումների արդյունքում մենք կկարողանանք կառավարել այս հիվանդությունը»։

Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ Ռոմելլա Աբովյանն ասաց, որ բավականին ակտիվացել են պատվաստումները, ապա հորդորով դիմեց ազգաբնակչությանը․

«Պատվաստումներն իրականացվեն ոչ թե՝ ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ պատվաստումներն այն միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր, և պատվաստումների արդյունքում կարող ենք կառավարել այս իրավիճակը, ոչ թե իրավիճակը կառավարի մեզ, որովհետև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե պատվաստումների ընդգրկվածությունը բարձր է, հիվանդացությունը բավականին նվազում է»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։

«Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ հավաստող փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին աշխատանքի անցնել:

Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ապա հավելեց, որ աշխատողի այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու՝ որպես ամենամյա արձակուրդ, և չի համարվելու ստաժ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս