«Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է»․ Առողջապահության նախարարության աշխատակից

«Համաճարակային իրավիճակը բավականին լարված է, լարված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը և ներկայացրեց COVID-19-ի համաճարակային իրավիճակը։

Վերջին 14 օրվա վերլուծությունների տվյալների համաձայն, ինչպես փոխանցեց նախարարության ներկայացուցիչը, Հայաստանը մոտենում է վառվող կարմիր գոտուն․

«Նախորդ 14 օրվա հետ համեմատած՝ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ այն շատ արագ տեմպերով տարածվում է։ Ցավոք, մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում ուեննք 1.5-ից մինչև 1.7 անգամ դեպքերի աճ։ Պետք է նշեմ, որ ըստ Եվրամիության չափանիշների՝ մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն, այսինքն՝ կարմիր գոտուց անցնում ենք վառվող կարմիր գոտի։ Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, ապա կհայտնվենք վառվող կարմիր գոտում»։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ հիվանդացության ցուցանիշը բարձր է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ բոլոր մարզերում․

«Հիվանդացությունը բարձր է բոլոր մարզերում անխտիր, կա նաև մեկ այլ վատ ցուցանիշ, որ հիվանդությունը երիտասարդացել է, և ավելի շատ թիրախավորված են 30-50 տարեկան մարդիկ, նաև ունենք դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք և այս պահին ստանում են բուժում»։
Ռոմելլա Աբովյանն ասաց, որ հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, և, որ այս մասով բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս