«Արցախ վերադառնալը մեզ կգայթակղի միայն այն ժամանակ, երբ այնտեղ սկսվի ազգային-ազատագրական պայքար»․ արցախցի
Արցախյան վերջին պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Արցախից տեղահանվածներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ ապահովել բնակարաններով։
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության աշխատակիցների հետ նախորդ հանդիպումների ժամանակ իրենց ասել են, որ այս փուլում ծրագրում են, որ գոնե սոցիալական հարցերը լուծեն․
«Բոլորդ շատ լավ գիտեք, որ որոշել են ամսական 25.000-ական դրամներ տան, և առաջարկել են մեզ, թե այս գումարն ինչպես պետք է ծախսենք։ Ասում են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, ուտել-խմելու հարցերը կլուծեք, մի քիչ էլ հետ կգցեք․․․»։
Դիտարկմանը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն օրեր առաջ վստահեցրել էր, որ հադրութցիների համար Արցախում բնակարանաշինության ծրագիր կա, ստացվում է, որ հադրութցիները պետք է վերադառնան Արցախ, Լևոն Հայրյանն ասաց․
«Արցախ վերադառնալն ինձ և մեր ժողովրդին կգայթակղի միայն այն ժամանակ, երբ այնտեղ սկսվի ազգային-ազատագրական պայքար, եթե պայքար չկա, եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղը վերացրել են, այդպիսի տարածաշրջանային միավոր չկա․․․ Ես 100 անգամ հայտարարել եմ, եթե Արցախին ստատուս չտրվի Հայաստանի կազմում կամ գոնե անկախ, Արցախում հայ չի մնալու․․․ Ես իրենց մի քանի անգամ զգուշացրել եմ, որ ձեր դիմաց մարդիկ են կանգնած, հասկացեք, որ մարդիկ ունեն իրավունքներ, եթե ուզում են բնակչությանը տանեն Արցախ, թող այնտեղ ստեղծեն գրավչություն, ինչպես 1992 թվականին․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում