Մինչև դեկտեմբերի վերջ նախատեսված է աշխատանքների իրականացում. ԱԻ նախարարը՝ պատերազմից հետո հանրության հոգեբանական վերականգնման մասին

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին հարցրին, թե արդյոք նպատակայի՞ն  է ծախսվել   դեռ տարեսկզբին ԱԻՆ-ին գործադիրի տրամադրած գումարը, որը նախատեսված էր ռազմական գործողություններին մասնակցած անձանց և ընդհանրապես հանրության ցանկացած անդամի հոգեբանական վերականգնման նպատակով մասնագիտական թիմ ձևավորելու համար:

«Մրցույթը շահել է «Սեդա Ղազարյան» հոգեբանական աջակցության կենտրոնը՝ շուրջ 70 աշխատակիցներով, աշխատանքները շարունակվում են, մինչև դեկտեմբերի վերջ նախատեսված է աշխատանքների իրականացում, եթե անհրաժեշտ լինի, աշխատանքները կշարունակվեն: Այս պահի դրությամբ մոտ 1075 շահառու ստացել է հոգեբանական աջակցություն, միջին հաշվով ամեն շահառուի հետ իրականացվել է 4-5 սեանս»,- ասաց Փիլոյանը և ավելացրեց, որ համագործակցում են ԱՍՀՆ-ի, ԱՆ-ի և ՊՆ-ի հետ:

Լրագրողներից մեկի՝ ապաստարանների մասին հարցին էլ  Փիլոյանը պատասխանեց.

«Ապաստարանների հետ կապված թեման այստեղ բարձրաձայնելու թեմա չէ, գաղտնի թեմա է: Պատսպարանների հետ կապված աշխատանքները շարունակվում են ոչ միայն սահմանամերձ շրջաններում, այլև ընդհանուր առմամբ հանրապետության ողջ տարածքով, մեր աշխատակիցների կողմից պարբերաբար անցկացվում են պարապմունքներ՝ ազդարարման, տարհանման, նաև խաղաղ բնակչությանն ուսումնամեթոդական օգնություն ցուցաբերելու առումով: Բնականաբար, սահմանամերձ շրջաններում նույնպես կատարվում են նման աշխատանքներ»:

ԱԻՆ նախարարը նաև նշեց, որ Սյունիքում ունեն մի շարք հենակետեր, որոնք օգնում են տեղի բնակչությանը լուծել առաջնահերթ խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս