Անդրանիկ Փիլոյանը խուսափեց կարծիք հայտնել Դավիթ Տոնոյանի ձերբակալման մասին  

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից, որը 1993թ.-ից մինչև 2020-ն աշխատել է ՊՆ-ում, ղեկավարել է զորամասեր, հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ  երեկ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը:

«Հարցը տեղին չէ, ինձ չվերաբերող հարց է, բնականաբար, հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց Փիլոյանը:

Լրագրողներից մեկի նկատառմանը, որ իրենց Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում էր նախկին իշխանությունների օրոք բանակում եղած թալանի մասին, իսկ այժմ պարզվում է, որ թալան եղել է իր ղեկավարման տարիներին, նախարարը կրկին խուսափեց պատասխանել հարցին.

«Եթե իմ ոլորտի հետ կապված հարց ունեք, ես կպատասխանեմ, եթե ոչ…»:

Լրագրողները նախարարին հիշեցրին, որ ինքն աշխատել է Դավիթ Տոնոյանի հետ, նաև այս Կառավարության անդամ է, հետևաբար՝ կիսում է նաև նրանց սխալների պատասխանատվությունը:

«Քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար թիմի և Կառավարության անդամների հետ միասին պատրաստ եմ պատասխանատվություն կրելու իմ մասով:
Այդ առումով Պաշտպանության նախկին նախարարի կամ բարձրաստիճան մնացած զինվորական ղեկավարների կատարած աշխատանքների համար կան համապատասխան կառույցներ, կզբաղվեն, բոլորը կճշտվի»,- արձագանքեց Փիլոյանը:

Տեսանյութեր

Լրահոս