Իմ մտերիմների շրջանում 2 հոգի մահացել է անմիջապես պատվաստումից հետո. պատվաստման դեմ ակցիայի մասնակից

Այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Առողջապահության նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, ըստ որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ: Ակցիայի մասնակիցներից մեկը, որը ներկայացավ՝ որպես  բժիշկ-ատամնաբույժ օրթոդոնտ, ասաց՝ պատվաստանյութերը բավականաչափ փորձարկումներ չեն անցել մարդկանց շրջանում կիրառվելու համար:

«Ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկումներ, որոնք տևում են 3-5 տարի, և դա նորմալ է, միայն այդ փորձարկումներից հետո է թույլատրվում պատվաստանյութը կիրառել մարդկանց շրջանում: Որպես բժիշկ՝ ինձ զարմացնում է, որ պատվաստանյութերը, որոնք մեկ տարի չեն անցել ստուգումներ, արդեն կիրառվում են մարդկանց շրջանում»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նրա խոսքով՝ Բժշկական համալսարանի անգամ առաջին կուրսի ուսանողները գիտեն, որ բնական իմունիտետն արհեստականից ուժեղ է:

«Մենք շատերս հիվանդացել ենք, կոնկրետ ես հիվանդացել եմ և ունեմ բնական իմունիտետ, ինչո՞ւ դա հաշվի չի առնվում, ինչո՞ւ այն մարդկանց, որոնք ունեն բարձր հակամարմիններ, ստիպում են պատվաստվել»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցը նաև պնդեց, որ Հայաստանում պատվաստումից գրանցվել են մահվան դեպքեր:

«Միայն իմ մոտիկների շրջանում արդեն 2 հոգի մահացել են անմիջապես պատվաստումից հետո… գիտեմ նաև դեպքեր, երբ մարդիկ շատ ծանր վիճակում են եղել պատվաստումից հետո»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Քաղաքացիներից մեկն էլ, որը աշխատում է, ասաց, որ պայքարելու է չպատվաստվելու համար, քանի որ այն, ինչ պարտադիր է, իր համար կասկածելի է:

Տեսանյութեր

Լրահոս