Ապաշրջափակումն առանց հայկական տարածքների կորստի` հնարավոր չէ. Տիգրան Աբրահամյան
Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը դիտարկում է տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում և այդ պատճառով այս հարցում հանդես է գալիս ոչ միայն որպես միջնորդ, այլև առաջ է տանում իր ընդգծված շահերը, հետևապես՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղավորելու է հենց իր շահերի համատեքստում, հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող վնասել հայ-ռուսական հարաբերություններին։ 168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով.
«Ադրբեջանն ու Թուրքիան ապաշրջափակման գործընթացն այլ ձևով են պատկերացնում, Ռուսաստանը՝ բոլորովին այլ։ Դա է պատճառը, որ Ռուսաստանը խնդիր չի տեսնում Հայաստանում իր ազդեցությունը պահելու հարցում։ Մենք տեսնում ենք, որ առավելապես Սյունիքում Ռուսաստանը հնարավոր վերաձևավորումների դեպքում իր ազդեցությունը պահելու մասին է մտածում և այս հարցում նա նաև աշխատում է Իրանի հետ, ինչը նյարդայնացնում է Ադրբեջանին և Թուրքիային»,- ասաց Աբրահամյանը։
Հարցին՝ այս փուլում առանց հայկական տարածքների զիջման ու կորստի՝ արդյոք հնարավո՞ր է հասնել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց.
«Կա երկու գործընթաց, որոնք իրար հետ փոխկապակցված են․ առաջինը՝ սահմանների սահմանագծում և սահմանազատումն է, երկրորդը՝ տարածաշրջանի ապաշրջափակումը. այս երկու հարցը մեկ փաթեթեով են քննարկվում, իսկ սահմանների ճշգրտման հարցով այս դիրքերից հանդես եկող Հայաստանն ու տեսանելի դիրքերից հանդես եկող Ադրբեջանը չեն կարող հավասար հարթության վրա լինել։
Պատերազմում պարտված այս իշխանությունն ի վիճակի չէ մտնել այդ գործընթացի մեջ ու դուրս գալ քիչ կորուստներով։ Ամենամեծ խնդիրն այն է նաև, որ Հայաստանի իշխանությունն իրեն տարանջատել է Արցախի հարցից, իսկ դա ընդհանուր գործընթացում չի կարող բխել հայկական շահից, հետևաբար ապաշրջափակման հարում մեխանիկորեն այդ հանգամանքը բերելու է հայկական նոր տարածքների կորսուտների»,- ասաց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։