«5 աղջիկ ունեմ, 3 տղա․ 2 տղա էլ նախատեսել եմ ունենալ․․․»․ Արցախից տեղահանված ընտանիքը տուն չունի

2020 թվականի աշնանը սկսված պատերազմի պատճառով Արցախից տեղահանված  Մանուկյանների բազմազավակ ընտանիքն օրերս ևս մեկով համալրվեց. սեպտեմբերի 19-ին ծնվեց նրանց 8-րդ երեխան։

Ընտանիքի հայրը՝ Գրիգոր Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև պատերազմը որևէ խնդիր չեն ունեցել, աշխատել է, երեխաներին ամեն ինչով ապահովել, որպես բազմազավակ ընտանիք՝ Արցախի կառավարությունը գումար էր նախատեսել, որ ընտանիքի համար տուն գնեին, սակայն պատերազմը բոլոր պլանները խառնեց և ի չիք դարձրեց:

«Ճիշտն ասած, շատ էին այնտեղ բազմազավակները, դրա համար հերթականությունով չհասավ, մինչև հերթը հասավ, 7-րդ-ն էլ ծնվեց։ Հոկտեմբերի մեջ պետք է արդեն փողը փոխանցեին, թղթերը սաղ տված էր, պետք է տունն առնեին տային։ Նորմալ, մեծոտ տուն էր, մոտ 20 միլիոն դրամի չափով, բայց սեպտեմբերին պատերազմը սկսվեց, այդպես մնաց այդ տունը․․․ Այդ տունն էլ, որ պիտի տային, սնարյադը ընկել էր կողքը, վալնայից ճակատային պատը փլվել է, զալը դարձել է բալկոն»։

Գրիգորն ընտանիքին Քաշաթաղից հասցրել էր Էջմիածին, իսկ ինքը վերադարձել Արցախ՝ դիրքեր, սակայն նորյեմբերի 9-ին ստորագրված կոպիտուլյացիայից հետո նա ևս եկել էր Էջմիածին։ Մի քանի ամիս վարձով բնակվելուց հետո բազմազավակ ընտանիքը տեղափոխվել էր հայրական տուն, սակայն այստեղ ևս երեխաների համար բավարար պայմաններ չկան․

«Ահավոր է այստեղ վիճակը, հես ա ձմեռն էլ մոտիկանում է, չգիտեմ՝ երեխեքիս ոնց եմ պահելու, էն փոքրերին մեր կողքն ենք քնացրել, այդ վիճակն է։ Մեծ խնդրանք ունեմ, ուզում եմ, որ օգնեն, բնակարանով ապահովեն, որ կարողանամ նորմալ, իմ երեխեքին տեղավորեմ․․․

Երեխեքիս, չեմ ասում՝ ըստ պահանջի, բայց նորմալ պահում եմ, ուղղակի խնդիրը տան պահով է, ինձ տուն է պետք, եթե կարող են, օգնության կարգով օգնեն, մեր բարերարները, մեր սիրելի ժողովուրդը, երեխեքիս կարողանամ տեղավորեմ»։

«Մեր պայմաններն այնքան էլ հաջող չեն, մատրասները փռում ենք պոլերին, երեխեքն իրար վրա ընկած քնում են, սենյակներ էլ չկան, որ առանձին սենյակներում քնեն, դժվարությունը դա է, որ իրար գլխի ենք հավաքված, ձմեռն էլ ահավոր վիճակ ա․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի մայրը՝ Կաքավ Կարապետյանը։

Գրիգորը Քաշաթաղի իր տնից շատ բան չէր կարողացել բերել՝ ընդամենը 2 մահճակալ, պահածոների մի մասը և մոտ 20 հավ։ Տիկին Կաքավը ցույց տվեց հավաբունը, ասաց՝ թեկուզ հավերը քիչ են ածում, բայց երեխաներին կարողանում են թարմ ձու տալ․

«Կարևորը, որ իմ երեխեքը ձու են ուտում, թարմ ձու, չենք առնում, էս էլ մեր հավանոցը, ըհն, 1 հատ ձու են ածել արդեն հավերը, օրը մի 5-6 հատ ձու ենք վերցնում, թոռնիկներս լավ էլ ուտում են, զուրկ չեն մնում, թարմ ձուն ավելի լավ ա, քան խանութի քանի օրվա ձուն։ Ուզում ենք անասուն էլ պահենք, որ երեխեքի համար կաթ, մածուն, պանիր, ամեն ինչ սարքենք»։

Գրիգորը խնդրանքով դիմում է, թե՛ կառավարությանը, թե՛ բոլոր այն մարդկանց, որոնք կարող են ինչ-որ ձևով իրականություն դարձնել իր երազանքը, որ նա իր երեխաներին կարողանա մեծացնել իրենց սեփական տանը․

«Ինձ մի հատ սեփական տուն է պետք, ճիշտ է, հիմա այստեղ եմ մնում, բայց ժամանակավոր է, հորական տունս է, բայց ուզում եմ իմ սեփական տունն ունենամ, անասուն ունենամ, այդ օգնությունները, ինձնից նեղ մարդիկ էլ կան, թող նրանց տան։ Իմ խնդրանքը դա է, ես չեմ խնդրում, որ ինձ օգնություն, սնունդ, շոր տան, նման ոչ մի բանի պակաս չունեն երեխեքս, ամեն ինչ նորմալ է, ուղղակի տան խնդիրն է, դա է իմ խնդրանքը, որ օգնեն։ Հլը 8-ով չեմ եզրափակվում, հլը ուզում եմ տղեքիս լրացնեմ աղջիկներիս հետ, 5 աղջիկ ունեմ, 3 տղա, 2 տղա էլ նախատեսել եմ ունենալ․․․»։

 

Տեսանյութեր

Լրահոս