ԱԽՔ-ը չմեկնաբանեց Անկարայից Երևան չարտերային թռիչքի մասին տարածված տեղեկությունները

Այսօր Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել երեկվանից տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը, թե  Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, Flightradar24-ին հղում անելով, գրել էր, թե «թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս թռիչքը կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի Ռեջեփ Էրդողանին արված միջնորդավորված  առաջարկի հետ՝ հանդիպելու պատրաստակամության մասին.

«Տելեգրամյան ալիքներում շրջանառվող կեղծ լուրերին որևէ մեկնաբանություն չունեմ: Դրանք ընդամենը շրջանառվում են, այնուհետև բերվում են այսպիսի հարթակներ և անիմաստ քննարկումների տեղիք են տալիս: Այսքանը»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ երեկ 168.am-ը փորձել է ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել, թե թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:  Կոմիտեից խոստացել են ճշտել և հետ զանգահարել, սակայն դրանից հետո, մոտ 1 ժամ, ոչ իրենք են զանգահարել են, ոչ էլ մեր զանգերին են պատասխանել:
Ավելի ուշ ՔԱԿ-ից մեզ առաջարկել են հարցը գրավոր ուղարկել: Մենք, իհարկե, հետևել ենք այս «հորդորին»:

Տեսանյութեր

Լրահոս