ԱԽՔ-ն խուսափեց հստակ պատասխան տալ՝ Գորիս-Կապան ճանապարհն անվտա՞նգ է, թե՞ ոչ

Այսօր Կառավարության նիստից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցին,  թե Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ընթացքում արդյոք քննարկվե՞լ են Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ունեցած խնդիրները, պատասխանեց, որ, իհարկե, անդրադարձ եղել է, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը:

«Ե՛վ մենք, և՛ իրանական կողմը մտահոգություններ ունենք ստեղծված իրավիճակի հետ կապված, այս հարցը բոլոր մակարդակներում մենք քննարկում ենք, որ հնարավորինս արագ լուծում ստանա: Ե՛վ մեր ռուս գործընկերների, և՛ Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացնում ենք և ակնկալում ենք հնարավորինս արագ լուծում»,- ասաց Գրիգորյանը:

Ճշտող հարցին, թե այս պահին բանակցություններ ընթանո՞ւմ են, ԱԽՔ-ն պատասխանեց.

«Հարցի լուծման հետ կապված բանակցություններ ընթանում են»:

Իսկ անվտա՞նգ է Գորիս-Կապան ճանապարհը երթևեկության համար:

Ա. Գ.- Նայած, թե Դուք ինչպես եք ձևակերպում անվտանգը:

Լրագրող.– Հայաստանի քաղաքացիների համար անվտա՞նգ է, որ Գորիսից գնան Կապան:

Ա.Գ.- Նայեք, ըստ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել: Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որ այլևս որևէ խնդիր չառաջանա, հույս ունենք՝ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք շահագործել:

Լրագրող.– Բայց հիմա անվտա՞նգ է, պարոն Գրիգորյան:

Ա. Գ.- Ես Ձեր հարցին պատասխանեցի:

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ հայկական կողմից որևէ հայտարարություն չեղավ, երբ ադրբեջանցիները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս էին կանգնեցրել և վախեցրել երեխաներին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը պարբերաբար պրովոկացիաներ է կատարում և Հայաստանի կողմից պարբերաբար դատապարտող և նման այլ  հայտարարություններ լինում են, խնդիրը քննարկվել է նաև ռուս գործընկերների և ադրբեջանցիների հետ, որ նման դեպքերը չկրկնվեն:

Տեսանյութեր

Լրահոս