«Ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում». ԿԳՄՍ նախարարը՝ պարգևավճարների մասին

Այսօր Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն ավարտվել է: Նա նշեց, որ, ինչպես ցանկացած նոր գործընթաց, այս մեկն էլ չէր կարող լինել իդեալական:

«Ես տեղյակ եմ, որ որոշ լսարաններում եղել են որոշակի հարցեր, բայց որոշ լսարաններում ընդհանրապես որևիցե խնդիր չի եղել, առաջին անգամն է, ընդհանուր առմամբ հաջողված է, իհարկե, կան որոշակի պահեր, որ հետագայում ավելի կկատարելագործվեն»,- ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև պատմեց, որ որոշ տարօրինակ դեպքերի են ականատես եղել:

«Ուսուցիչների կազմում եղել են որոշ անսպասելի դեպքեր, որ չէինք կարծի, որ ուսուցիչները կարող էին նման արդյունք դրսևորել: Չեմ ուզում կոնկրետ խոսել, «լավ» ու «վատ» բառերը չօգտագործեմ, տարօրինակ դեպքեր ենք նկատել, իհարկե, դրանք բավականին քիչ են, բայց մտածելու տեղ են տալիս»,- ասաց Դումանյանը:

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, որ ուսուցիչների շրջանում դժգոհություններ կան  պատվաստումների կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի սերտիֆիկատ ներկայացնելու մասին Առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ, և  նրանք նույնիսկ ասել են, թե պատրաստ են դիմում գրել և ազատվել աշխատանքից՝ Դումանյանն ասաց.

«Յուրաքանչյուր մարդ ազատ է որոշում կայացնելու, թող յուրաքանչյուրն իր որոշումը կայացնի: Եթե այսքան մանրամասն տեղեկատվությունից հետո  առաջարկված տարբերակներից ոչ մեկն իրենց համար ընդունելի չէ, ապա չափահաս մարդիկ են, կարող է յուրաքանչյուրն իր որոշումը կայացնել, ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ էին ստացել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե իր տեղեկությամբ՝ այդ առիթով պարգևավճար ստացել է ամբողջ պետական ապարատը: ԿԳՄՍ նախարարին հարցրին, թե իր գերատեսչությունը ստացե՞լ է պարգևավճար:

«Պարգևավճարների մասով մեր նախարարությունը մինչև սեպտեմբերի 21-ը և դրանից հետո նույն ռեժիմի մեջ է եղել, որևիցե նորույթ պարգևավճարների համակարգում, կապված սեպտեմբերի 21-ի հետ, մեր նախարարությունում չի արվել: Ստանում ենք նույն ռեժիմով, ինչ ռեժիմով ստացել ենք: Չեն կարող միշտ բոլոր աշխատակիցները ստանալ: Ես էլ ստացել եմ նույն կերպ, ինչ մինչև այդ: Նախ՝ դա պարգևավճար մի անվանեք, դա հավելավճար է, լրավճար է»,- ասաց Դումանյանը:

Իսկ մանկավարժները, գիտության աշխատակիցները հավելավճար, լրավճար ստացե՞լ են:

«Լրացուցիչ հավելավճար չեն ստացել, իսկ ոչ լրացուցիչ, ստացել են այնպես, ինչպես եղել է, եղել է, որ ստացել են, եղել է, որ չեն ստացել: Այս հարցը, խնդրում եմ, մի շահարկեք, մի զարմացեք լրավճար, հավելավճար ստանալու թեմայով, մի զարմացեք, մի մանիպուլյացրեք: Ամեն անգամ ուզում եք ասել, որ արևը ծագում է և մայր է մտնում, ամեն օր ասո՞ւմ եք դա, ամեն օր զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում, ամեն անգամ պետք չի զարմանալ այն բանից, որ տեղի է ունենում ամեն օր»:

Նախարարն ասաց, որ, օրինակ՝ միգուցե ինչ-որ բուհ իր աշխատակիցներին տվել է պարգևավճար իր դրամական միջոցների հաշվին, բայց իրենք դրանից տեղյակ չեն, իրենցից չեն հարցնում:

«Հատուկ որոշումով լրացուցիչ հավելավճար և այլն չի եղել»:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի պնդմանը՝ ԿԳՄՍ նախարարը խնդրեց նրա ասածն ընդունել ի գիտություն և անցնել առաջ:

«Հստակեցրեք հարցը պարոն Ալեն Սիմոնյանի մոտ, և նա Ձեզ հստակ, մանրամասն կասի»,- ասաց Դումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս